«Այսօր ֆիլմի ազդեցությունը շատ ավելի մեծ կլինի՝ պայմանավորված վերջին պատերազմով». Արշո Հարությունյանը՝ «Հարսանիք թիկունքում»-ի էկրանավորման և հետաձգված պրեմիերայի մասին

2018 թվականին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը բեմադրեց 2016-ի Ապրիլյան պատերազմում Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին «Հարսանիք թիկունքում» ներկայացումը, որը նվիրված էր բոլոր հերոսներին: Այս տարիների ընթացքում ներկայացումը շուրջ 70 անգամ խաղալուց հետո թատրոնի նախկին տնօրեն, ներկայացման պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի նախաձեռնությամբ որոշվեց էկրանավորել ներկայացումը:

 

Tert.am Life-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Արշո Հարությունյանն ասաց, որ նոր ձևաչափով են նկարահանել ֆիլմը։ Ներկայացման դերասանական կազմը չի փոխվել, խաղում են ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Հարությունյանը, Տարոն Գրիգորյանը, Արսեն Սաղաթելյանը, Ջեմմա Ադամյանը։

Չնայած ֆիլմի պրեմիերան նախատեսել էին 2020 թվականի ապրիլի 2-ին` այն կլինի 2021-ի հունվարի 28-ին: «Ֆիլմի պրեմիերան պետք է լիներ ապրիլի 2-ին, հետո սկսվեց համաճարակն ու որոշեցինք 2021-ի ապրիլին անել պրեմիերան, բայց վերջին իրադարձություններից հետո հապաղելու կարիք չկար, հիմա ճիշտ ժամանակն է: Ցավոք սրտի, այսօր ֆիլմի ազդեցությունը շատ ավելի մեծ կլինի՝ պայմանավորված վերջին պատերազմով, վերքերը դեռ թարմ են: Թեև թեման էլ չի կարող հնանալ: Կապ չունի՝ ֆիլմն ապրիլյան դեպքերի՞, թե՞ սեպտեմբերին սկսված պատերազմի մասին է, սա մեր կյանքի պատմությունն է» ,- նշեց նա:

Արշոյի խոսքով՝ թեման հուզիչ ու խորքային է հայ ժողովրդի, հատկապես, թիկունքում գտնվող մայրերի համար:

«Ներկայացումն իրենց ապրումների, հույզերի մասին է, քանի որ նրանք զավակներ ունեն ճակատամարտում: Զգացմունքային այս ներկայացումը Հայաստանում և Սփյուռքում խաղացել են լեփ-լեցուն դահլիճներում: Ցանկություն կար, որ ներկայացումը հասանելի դառնար ավելի մեծ լսարանի համար, այդ պատճառով որոշվեց ֆիլմ նկարահանել, էկրանավորել ներկայացումը, որի միջոցով այն նաև կմնա պատմության մեջ» ,- պատմեց ռեժիսորը:

Նա նկատեց, որ նման աշխատանք Հայաստանում դեռ չի եղել: «Բոլորիս համար էլ էքսպերիմենտ էր, նման ձևաչափով ֆիլմ Հայաստանում դեռ չի եղել: Որոշեցինք ներկայացումը նկարահանել հենց բեմում, բայց ֆիլմի բոլոր օրենքներով: Նրանք, ովքեր արդեն դիտել են ներկայացումը, փոփոխություններ կտեսնեն, որովհետև էներգետիկ դաշտն այլ է, կարծում եմ՝ հետաքրքրությամբ կդիտեն: Նրանք, ովքեր չեն դիտել և առաջինը ֆիլմը կդիտեն, կարծում եմ, նույն հաճույքով կդիտեն ներկայացումը» ,- ասաց ռեժիսորը:

Արշոն նաև ընդգծեց, որ «Հարսանիք թիկունքումն» իր համար էմոցիոնալ աշխատանք էր:

«Ներկայացման ժամանակ հարսանիքի տեսարանում երաժշտություն էր հնչում: Որոշեցի, որ ֆիլմում այն պետք է կենդանի լինի, որպեսզի բնական իրավիճակ ստեղծվի: Բացի այն, որ իմ հարազատ թատրոնում ֆանտաստիկ լավ դերասանների հետ աշխատելուց հաճույք եմ ստացել, նաև շատ հուզվել եմ, նույնիսկ արցունքներ են հոսել: Կարծում եմ՝ նորմալ է, քիչ թե շատ հոգի ունեցող մարդը չի կարող թեմային անտարբեր լիներ: Չնայած պետք է ասեմ, որ մեր նպատակը հանդիսատեսից արցունքներ կորզելը չէ, սա ֆիլմ է՝ ի հիշատակ մեր զինվորների, նվիրվում է հայ զինվորին,- ասաց նա և հավելեց, որ ներկայացման դեպքում դերասանները խաղում են 1-2 ժամ, թողնում զգացմունքները բեմում և դուրս գալիս, ֆիլմը նկարահանվում է երկար ժամանակ,- Կան կտորներ, որոնք պետք է կրկնվեն: Դերասանների համար բարդ է զգացմունքային կտորները կրկնելը, բարդ իրավիճակներ եղել են, բայց դերասանի մասնագիտությունն այդպիսին է: Բոլորն էլ հասկանում էին, թե ինչ նպատակի համար էինք հավաքվել, համապատասխան էներգիա են դնում աշխատանքի մեջ, որը հանդիսատեսն անպայման կզգա»: