«Չպետք է մոռանանք այս դասը». Իրինա Թովմասյանը՝ պատերազմական շրջանի, իր և երեխաների ապրումների մասին

«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի համար պատերազմական շրջանը դեռ հաղթահարված չէ: Tert.am Life-ի հետ զրույցում Իրինան ասաց, որ շատերի պես ինքն էլ հոգեբանորեն բարդ իրավիճակում է եղել քեռու տղան ռազմաճակատում է եղել, իրենց շենքի հսկիչը զոհվել է։

«Այն շրջանում, երբ ամեն օր զոհեր էինք ունենում, մենք ուղղակի չէինք ապրում, գոյատևում էինք, թե ինչպես, ինքս էլ չգիտեմ: Անտանելի իրավիճակ էր, մինչև առավոտյան չէի լացում, թեթևանում, տանից դուրս չէի գալիս: Սարսափելի ապրումներ ունեի, բայց փորձում էի ինձ զսպել, որպեսզի երեխաներս շատ բան չիմանան: Թեև նրանք մեր տրամադրությունից զգում էին, կողքից լսում էին ինչ-որ բաներ, ամեն ինչ հասկանում էին, հարցեր տալիս»,- ասաց նա:

Իրինայի խոսքով՝ փորձել է երեխաների համար հնարավորինս պարզ ու հասկանալի նկարագրել իրավիճակը: «Երեխաներին ասում էի, որ շատ դժվար է, զինվորները վիրավորվում են, բայց պաշտպանում են մեզ, այդ պատճառով պետք է հիշենք, որ զինվորները մեզ համար ամենաթանկ ու հարազատ մարդիկ են: Հետո նրանք զինվորներին նամակներ գրեցին, որոնք ուղարկեցինք Արցախ: Երեխաներն իրավիճակից անմասն չեն մնացել։ Վստահ եմ սա նստվածք է ունենալու իրենց հիշողության մեջ, ինչպես մեր հիշողության մեջ` Արցախյան առաջին գոյամարտը»,- նշեց նա:

Ըստ Իրինայի՝ առաջնագծում բազմաթիվ ծանոթներ է ունեցել։
«Եղբայրս մեկնել է պատերազմի առաջին օրերին և վերադարձել պատերազմի ավարտից հետո, թեև առողջական խնդիրներ ուներ: Նրանից լուր ունենում էինք, բայց ոչ հաճախ, երբեմն կարճ հաղորդագրություն էր ուղարկում, որ լավ է, իսկ հաղորդագրություններ ուղարկելու միջակայքում անհանգիստ սպասում էինք որևէ լուրի: Հետո պարզվեց, որ նրանց ջոկատից մոտ 20 հոգուց տուն էին վերադարձել էին 6-8 հոգի, մյուսները զոհվել էին: Եղբայրս ֆիզիկական վնասվածքներ չունի, բայց այդ օրերից հետո անհնար է հոգեկան տրավմա չունենալ»,- ընդգծեց նա:

Իրինան նաև ասաց, որ Արցախի պատերազմում զոհվել է իրենց շենքի հսկիչը, ով որպես կամավոր էր մեկնել սահման: «Երեխաներն այդ մասին շատ պատահական իմացան: Ամուսինս շենքի պահակակետում հարցրել է, թե ի՞նչ լուր կա հսկիչից, ասել են, որ զոհվել է, երեխաներն էլ լսել են: Եկան տուն ու որոշ ժամանակ ինձ ասում էին՝ իմացար չէ՞, որ հսկիչը զոհվել է: Իհարկե չէի ստում իրենց, որովհետև արդեն գիտեին իրողությունը: Հիմա հարցեր չեն տալիս, բայց զգում եմ, որ խորքային են ընկալել այդ լուրը»,- նշեց նա:
Իրինան նկատեց, որ բոլորի մոտ նույն իրավիճակն է եղել, անկախ նրանից առաջնագծում հարազատներ ունեցե՞լ են, թե՞ ոչ: «Նորմալ մարդիկ չէին կարող հանգիստ անցկացնել այդ ժամանակահատվածը, որը թվում է՝ ավարտվել է, բայց դեռ երկար տարիներ են պետք, որ այս ցավը մեղմանա»,- ասաց Իրինան:

Պատերազմից առաջ դերասանուհու դուստրերը նոր տեսահոլովակներ են պատրաստել, որոնց պրեմիերաները հետաձգել են:

«Ալյայի և Մարիայի տեսահոլովակը պատրաստ էր, բայց չթողարկեցինք: Մեգին նույնպես նոր տեսահոլովակ ուներ, որտեղ ներկայանում էր վառ կերպարով, արդեն որպես մեծ, ոչ թե երեխա: Դեռ չգիտեմ, թե երբ կներկայացնենք,- ասաց նա և հավելեց, որ պետք է փորձենք վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին, շարունակել ապրել, բայց դա շատ բարդ է,- Ես փորձում եմ աշխատել, գովազդներ տեղադրել, հաղորդումներ նկարահանել: Այս ամենն իմ ուժերից վեր է, բայց անում եմ, որովհետև գիտեմ՝ պետք է աշխատել, ավելի ուժեղ լինել, ավելի շատ կրթվել, սովորել: Այս տարին շատերին դաս տվեց, որը երբեք չպետք է մոռանանք, այլ պետք է ավելի ուժեղ լինենք, ժպտանք: Մեր ընտանիքը, երեխաներն էլ են ուժ տալիս, ինձ համար իմ երեխաները ժպիտի մի մեծ մոլորակ են, հենց նրանք են ինձ ստիպում ժպտալ»: