«Շատ թուրք կա. պապան պիտի բոլորին հաղթի, նոր վերադառնա». Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանն այսօր կդառնար 34 տարեկան. զավակները դեռ սպասում են նրան

Aysor.am-ը գրում է՝

2020 թվականի սեպտեմբերի 27-ն անցյալի ու ներկայի սահմանաբաժին դարձավ հազարավոր ընտանիքների համար, ու այդ օրվանից մենք անուն առ անուն ճանաչում ենք մեր ազգի սերուցքին, ճանաչում ենք նկարներով, ճանաչում՝ նրանց անհավանական սխրանքներով ու հերոսապատումներով։ Նրանք գնացին, որ մենք ապրենք, նրանք կյանքի գնով մեզ նոր կյանք նվիրելու խիզախությունն ունեցան։

 

Լուսավոր դեմքով ու պայծառ ժպիտով այս տղան ծանոթ-անծանոթի անտարբեր չթողեց. ոմանք նրա «տիրոջը երնեկ տվեցին», բայց հենց նույն պահին էլ «ախ» քաշեցին ու վշտակցեցին… 33-ը նրա համար ճակատագրական դարձավ, հենց 33-ում նա կատարեց իր կյանքի կարևոր առաքելություններից մեկն ու բռնեց հավերժի ճանապարհը:

 

«Պատերազմ է սկսվել, Մենուան գնում է, տուն եկեք». սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 8։30-ին Մենուայի մայրիկից՝ Կարին Տոնոյանից զանգ ստացավ կինը՝ Թամարան, ով այդ պահին երեխաների հետ հայրական տանն էր։

«Երբ մայրիկը զանգեց, անմիջապես շտապեցի տուն», — մի կերպ տրամադրվելով ցավի մասին խոսակցությանը՝ Aysor.am-ին պատմեց Թամարա Կոստանդյանն ու շարունակեց.

«Նա առավոտից ԵԿՄ-ում էր, նույնիսկ տուն չկարողացավ գալ, ու մենք գնացինք իր մոտ՝ բարի ճանապարհ մաղթելու։ Երեխաների հետ խաղաց, գրկեց, սիրեց: Փոքրիկներն էլ շատ աշխույժ էին, կարծես գիտակցում էին, թե հայրիկն ո՞ւր է գնում, ինչի՞ համար։ Մենք նրանց մեջ ծնվելու առաջին իսկ օրերից հայրենասիրություն ենք սերմանել, ու անգամ այս տարիքում գիտակցում էին, որ պապան պատերազմ է մեկնում», — նկատեց մեր զրուցակիցը;

Երիտասարդ երկրապահների միության փոխնախագահ Մենուա Հովհաննիսյանն, ով ԵԿՄ ընդգրկվելու պահից ի վեր շուրջ կես տարի կամավորների հետ զինվորական պատրաստվածություն էր անցկացրել, որպես կամավորական էլ մեկնեց Արցախ: Կինը խոստովանում է՝ իրենք չէին ուզում, բայց անզոր էին խոչընդոտել Մենուայի որոշմանը:

«Իր տեսակն էր այդպիսին՝ խիզախ, հայրենասեր, նվիրյալ, հասկանում էինք, որ ինքը պետք է գնա, չի կարող չգնալ; Այդ օրը մնաց ԵԿՄ-ում, ու երեկոյան, երբ նրան նորից գրեցի՝ «կարո՞ղ եմ Սարդուրի հետ նորից քեզ այցելել», շատ զարմացա, որ համաձայնվեց։ Հայր ու տղա խաղացին, որդուն հրահանգեց, որ մեր տան տղամարդն ինքն է լինելու։ Ու հիմա Սարդուրը դա շատ լուրջ է ընդունել, քանի որ պապան է ասել: Անընդհատ կրկնում է՝ «տան տղամարդը ես եմ» (ժպտում է — հեղ.)… Պատերազմի թեմաներով կիսվել չէր սիրում, չենք խոսել, բայց իրեն նայելով հասկանում էի՝ գիտի, թե Արցախում ինչ է կատարվում, հասկանում է՝ ուր է գնում, ու շատ հնարավոր է՝ հետ չգա։ Ինքն այդ ճանապարհը գիտակցելով է ընտրել… Մեկնեցին սեպտեմբերի 28-ին, ու երբ ես մեկ օր առաջ հույսի մի փոքր շողով իրեն հարցրեցի՝ «Մեն, կարո՞ղ է դուք չգնաք», նայեց ինձ, ժպտաց, գրկեց ու ասաց. «Չի կարող նման բան լինել, մենք պե՛տք է գնանք»… Գիտեք, երբ այստեղ ամեն ինչ հաղթական ու փայլուն էր ներկայացվում, մենք արդեն գիտեինք իրականությունը, բայց ոչ իրենից։ Սեպտեմբերի 29-30-ին մայրիկն Արցախ էր մեկնել՝ օգնություն տանելու (քնապարկեր, հագուստ, դեղորայք) ու շատ բան հասկացել էր: Բայց ասեմ, որ մայր ու որդի չէին հանդիպել, Մենուայի տեղը վտանգավոր էր ու թույլ չի տվել մայրն իր մոտ հասնի», — մանրամասնեց Թամարան:

Ժամանակին ՊՆ-ում աշխատող Մենուա Հովհաննիսյանը կամավորագրվել ու Թալիշ էր մեկնել նաև Ապրիլյան պատերազմի օրերին, որից հետո երիտասարդ հայրենասերի արյունն առավել սկսեց «եռալ»: Ու որոշեց՝ այսուհետ իր գործունեությունը զինվորականությունն է լինելու…

Շուրջ երկու տարի աշխատելով Պաշտպանության նախարարությունում՝ արդարության դրոշակակիր երիտասարդը ընկերների հետ դուրս եկավ կառույցից՝ չհանդուրժելով անարդարությունը:

«Կառույցից հիասթափվեց, բայց հայրենիքից՝ չէ», — ընդգծում է հերոսի կինն ու նկատում.

«Մենուան ամեն ինչից գաղափար ուներ, երբեք պարապ չէր մնում: Աշխատել է «Հայ ասպետ»-ում։ Բայց իրենը հայրենիքի պաշտպանությունն էր, այլ տեղ իր «ափսեի» մեջ չէր: Մոտ 8 ամիս առաջ համալրեց ԵԿՄ-ի շարքերը»:

Կամաց-կամաց մեր զրույցն ավելի անմիջական է դառնում։ Զգում եմ՝ Թամարան անէացել է, տարվել հիշողություններով, իր ու Մենուայի ապրած երջանիկ պահերով. դեկտեմբերը նրանց համար միշտ տոնական է եղել՝ 2013 թվականի դեկտեմբերի 16-ին ընտանիք կազմեցին, դեկտեմբերի 22-ն էլ Արցախի հերոսի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 34 տարեկան…

Երբ խնդրեցի մեզ համար հիշել իրենց սիրո պատմությունը, զրուցակիցս ժպտաց, շառագունեց, տատանվեց, բայց պատմեց՝ Մենուան իրեն փախցրել է, ու ասում էր՝ իր ծննդյան կապակցությամբ ինքն իրեն նվեր է արել։

«Մենուան ինձ փախցրել է՝ առանց ճանաչելու, առանց շփվելու։ Ընդամենը 2 անգամ է ինձ աշխատավայրում տեսել, հավանել է, ընկերների հետ եկել ու փախցրել, անմիջապես մայրիկի տուն է տարել: Մայրն էլ եկավ, ինձ տեսավ ու ասաց՝ «դե որ բերել է՝ բերել է, էլ չենք տանում»», — ջերմությամբ ու ժպիտով վերհիշում է հերոսի կինն ու ավելացնում.

«Հետագայում, երբ հարցնում էի՝ բայց ինչի՞ փախցրեցիր, ասում էր՝ բա թոռներիս պատմելու բան չունենա՞մ… Ինքն իմ լավագույն ընկերն էր, մենք ընկերներ էինք»:

 

Մենուա Հովհաննիսյանն ընտանիքի ավագ որդին է: Եղբայրը՝ Արգիշտին, նրանից փոքր է երկու տարով։

Մենուան ու Թամարան երկու զավակ ունեն. Սարդուրը շուտով 6 տարեկան կդառնա, Արինան՝ 4:

«Երեխաների անունները Մենուան է ընտրել», — ժպիտով ընդգծում է Թամարան։

«Մեր աղջկա համար սկզբում Վանա անունն էր ընտրել, քանի որ մինչ քույրիկի ծնվելը «վիճակահանություն» էինք արել ու տղաս այդ անունն էր քաշել։ Բայց որ ճիշտն ասեմ, ես այդ անվան հետ մի քիչ համաձայն չէի։ Մենուան անակնկալ արեց. ես դեռ հիվանդանոցում էի, ծննդյան վկայականը նկարեց, ուղարկեց, ու տեսա՝ մեր աղջկան Արինա է անվանակոչել։ Էրինա անունով ուրարտական աստված ունենք, բայց քանի որ դա արական անուն էր, նմանեցրել ու Արինա տարբերակի վրա է կանգ առել», — պատմեց նա:

Նրանք հիմա էլ սպասում են հայրիկին, չգիտեն, որ հայրն անմահացել է։

«Շատ թուրք կա, բոլորին պապան պիտի հաղթի, նոր վերադառնա», — փոքրիկ Հովհաննիսյաններին ասել են մայրն ու տատիկը:

«Զգում եմ՝ տղաս որոշ բաներ գլխի է ընկնում, գիտակցում է, բայց դեռ չի հասկանում՝ զոհվելն ինչ է։ Նա շատ պլաններ է կազմում Մենուայի վերադարձի հետ, որոշում, թե գալուց հետո ինչ են անելու, ուր են գնալու։ Իսկ աղջիկս ամեն քնելուց ու արթնանալուց նույն բանն է ասում՝ «ես ուզում եմ պապան գա»։ Հատկապես, երբ ինչ-որ բան իր սրտով չենք անում, կամ վրան բարկանում ենք, սկսում է լացել ու պապային կանչել… Երեխաներն իր հետ շատ կապված էին, Մենուան հրաշք պապա էր։ Աշխատանքի առումով այնպես էր ստացվել, որ Սարդուրին մանկապարտեզ ինքն էր տանում, Արինային՝ ես, ու արդյունքում հայր ու որդի լավ ընկերներ դարձան։ Մենուան անսահման սիրում էր իր երեխաներին, անկրկնելի հայր էր», — արցունքները մի կերպ զսպելով՝ ընդգծում է զրուցակիցս:

Մենուա Հովհաննիսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 5-ին՝ հատուկ գործողության ժամանակ։ Այն պահին, երբ որպես հրամանատար տեղաբաշխում էր անում՝ առաջադրաքի համար ով, որտեղ ու ինչ դիրքում պետք է հաստատվի, միամիտ շրջվում ու տեսնում է՝ թշնամու մի վաշտ թիկունքից ոտքով դեպի իրենց է առաջանում։ Մենուան իրեն չի կորցնում, դառնում է դեպի տղաներն ու հրահանգում՝ «տղերք, բոլորս հիմա վերացնում ենք սրանց»։

Առաջին կրակն էլ հենց ինքն է դեպի թշնամին ուղարկում՝ իր կողմ շեղելով վերջինիս ուշադրությունը, մինչև տղաները կդիրքավորվեն։ Կատաղի այդ մարտի ժամանակ էլ ընկնում է լուսավոր տղան՝ հետմահու արժանանալով «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։

Ի դեպ, նրա սխրանքների մասին բազմաթիվ վկայողներ կան։ Հոկտեմբերի 3-ին Արցախի նախագահը նրանց խմբին է հյուրընկալվել: Պատճառ կար. դրանից ժամեր առաջ հատուկ գործողություն էր եղել, որի ընթացքում Մենուան իրեն կրկին փայլուն է դրսևորել։ Տղաները Մատաղիսից դուրս էին բերել շրջափակման մեջ գտնվող 18-20 տարեկաններին՝ թույլ չտալով, որ մեկի գլխից մի մազ անգամ պակասի:

Ամուսնու զոհվելու մասին Թամարան դժվարությամբ է խոսում. ինքը գիտի, ինքը գիտակից է, բայց չի ուզում հավատալ, որ Մենուան այլևս իր կողքին չէ… Մտքից դուրս չի գալիս այն չարաբաստիկ օրը, երբ լսեց բոթը. հոկտեմբերի 6-ի երեկոյան Թամարան աշխատանքն ավարտելով՝ երեխաներին վերցնում ու սկեսրոջ մոտ՝ կրթահամալիր էր շտապում, որի մուտքի մոտ շտապօգնության մեքենա է նկատում: Հոգին խառնվեց, գիտակցությունը մթագնեց, սիրտը հրաժարվում էր հավատալ՝ դա այն է, ինչից ամենաշատն էր վախենում…

«Մենուան հոկտեմբերի 5-ին է զոհվել, մայրիկն այդ մասին ամսի 6-ին է իմացել… Հրամանատարը զանգել էր մայրիկին ու ասել՝ «կներեք, չկարողացա Մենուային պահեմ, նա նահատակվեց»… Մայրիկն այդ պահին ուշագնաց է լինում։ Երբ ես իր մոտ հասա, բժիշկները փորձում էին նրան ուշքի բերել։ Ինձ ոչ ոք ոչինչ չէր ասում: Միակ բանը, որ հասկանում էի, նրա այդ վիճակը Մենուայի հետ էր կապված, բայց ինքս ինձ ուզում էի համոզել, որ վիրավոր է, ոչ թե զոհված», — վիշտը զսպելով՝ մանրամասնում է երիտասարդ կինը:

Որդու կորստի լուրից, ապրած սթրեսից Կարին Տոնոյանը մոտ 10 օր ո՛չ խոսում էր, ո՛չ ուտում։ Հայացքը նույն կետին էր հառում ու լռում… Թամարան ամբողջ գիշեր զանգում է այն բոլոր հեռախոսահամարներով, որոնցով Արցախից ամուսինն էր զանգել։ Տղաները ևս լռում էին, ոչինչ չէին ասում։

«Հոկտեմբերի 7-ի առավոտյան հրամանատարն ինձ զանգեց ու ասաց՝ «Մենուան հերոս է, ու մեր հերոսը զոհվել է»», — չկարողանալով արցունքները զսպել՝ վերհիշեց հերոսի կինն ու շարունակեց.

«Չէի հավատում, չէի ուզում նման իրականություն: Հիմա էլ չեմ հավատում, չեմ ընդունում, որ նա չկա… Մենուան զուսպ էր, երբեք իր էմոցիաները ցույց չէր տալիս, բայց ես հիմա չկարողացա իր նման լինել։ Գիտեք, հոկտեմբերի 8-ի երեկոյան մենք արդեն գիտեինք, որ նրան հերոսի կոչում են տվել: Խնդրեցինք չհրապարակել: Երբ օրեր անց Արցախի նախագահը զանգեց ու մայրիկի հետ խոսեց, մայրիկը կրկին խնդրեց՝ մինչև Մենուային չգտնենք՝ չհրապարակեք»։

Բայց երկար պահել չկարողացան՝ հոկտեմբերի 21-ին հայտարարվեց, որ Մենուա Հովհաննսյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը:

«Արցախի հերոս»-ն իր տեղն ունի Եռաբլուրում, բայց դեռևս չի հուղարկավորվել: Հերոսի մարմինը նոր է «տուն եկել» ու ընտանիքը հիմա սպասում է Գենետիկական հետազոտության (ԴՆԹ) պատասխանին:

Ամուսինների վերջին հեռախոսազրույցը հոկտեմբերի 3-ին է եղել: Ռազմաճակատում գտնվող երիտասարդի տրամադրությունը բարձր էր, ձայնն՝ առույգ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում