Երեխաներն անընդհատ երկնքին են նայում՝ այնտեղ փնտրելով ճախրող արծիվներին ու արծիվ դարձած հորը

Hetq.am-ը գրում է․

Խանութ գնալուց 6-ամյա Անահիտը սեւ ժապավենի վրա պատահական տեսել էր հոր՝ Արշակի անունը։ Ամռանը տառերը սովորել էր մոր՝ Նարինեի հետ։ Վերջինս ասում է՝ չէր պատկերացնի, որ երեխան կկարդար հոր անունը։

Արշակի զոհվելուց հետո երկու երեխաները՝ Անահիտն ու 5-ամյա քույրը՝ Արաքսը, հարազատների տանն էին։ Երեխաները չգիտեն հոր կորստի մասին։ Արշակի մայրը՝ տիկին Օֆելյան, երեխաներին ասել է, թե «պապան արծիվ է դարձել, երկնքում է հիմա»։ Երեխաներն անընդհատ երկնքին են նայում՝ այնտեղ փնտրելով ճախրող արծիվներին ու արծիվ դարձած հորը։

-Երբ Անահիտը խանութից եկավ տուն, ասաց՝ մամ, փաստորեն, հիմա էլ արծիվների անուններն են գրվո՞ւմ։ Ես տեսա պապայի անունն էլ է գրված, Վիգենի անունն էլ (Արշակի ընկերն է- հեղ․),- պատմում է Նարինեն, ապա շարունակում,- փոքր աղջկաս՝ Արաքսի երեւակայությունը շատ վառ է, ասում է՝ այ, էն արծիվը տեսնո՞ւմ եք, էդ իմ պապան ա։

Ծանր լռություն է իջնում նախասրահում, որից ոչ մի կերպ հնարավոր չէ ազատվել։ Տան մեծերը երեխաների ներկայությամբ շշուկով են խոսում պատերազմի մասին։ Նրանք միայն գիտեն, որ այլեւս չեն տեսնելու հայրիկին։

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում Արշակ Մելիքյանի տանն ենք։ 33-ամյա Արշակը հոկտեմբերի 6-ին է զոհվել։ Ավագ եղբայրը՝ Հարութը, եղբոր դիմանկարն է պատվիրել մի գեղանկարիչ հոգեւորականի մոտ։ Հյուրասենյակի բաց դռնից երեւում է Արշակի նկարը՝ կողքին սպիտակ վարդեր, սեղանին՝ եռագույնը, ՀՅԴ դրոշը եւ «Նարեկը»։

-Մեր հյուրասենյակը դարձել է պապայի սենյակը։ Էդպես են ասում երեխաները,- նշում է 27-ամյա Նարինե Խաչատրյանը՝ իր գրկում պահելով նոր ծնված Տիգրանին։ Տիգրանի եւ Արշակի հանդիպումն այդպես էլ տեղի չունեցավ։ Երեխան ծնվել է հոր զոհվելուց 17 օր հետո։

-Տիգրանին ի՞նչ եք պատմելու տարիներ անց,- հազիվ լսելի ձայնով հարցնում եմ Նարինեին։

-Չգիտեմ, ամեն օր մտածում եմ էդ մասին,- պատասխանում է նա, ապա երկուսով նայում ենք փոքրիկ Տիգրանին։ Նա քնաթաթախ մի քանի անհանգիստ շարժումներ է անում, փոքր-ինչ ձգվում ու դարձյալ աչքերը փակում։ Ժպտում ենք։

Իսկ մեծ Տիգրանը՝ պապը, մեր կողքին լուռ նստած է։ Վիշտը լցվել է աչքերի մեջ՝ հայացքը դարձնելով հեռվում թափառող։

-Երեխաներին պատասխան տալն ամենաբարդն է մեզ համար։ Արաքսն անընդհատ երազում հորն է տեսնում։ Էն մեծն էլ մեկ-մեկ լացում ա, չի ուզում ասի, ասում ա՝ ինչի՞ ա ամեն օր արտասուք գալիս։ Երեխեն երեւի հուզվում ա իր մեջ, բայց ուզում ա համոզի իրեն, որ արտասուքն ինքն իրեն է գալիս,- պատմում է պապը՝ Տիգրան Մելիքյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք ք կարդալ այստեղ