Ինչպես ազատվել փորափքանքի տհաճ ախտանշաններից. 3 արդյունավետ բաղադրատոմս

Փորափքանքը բավական տարածված խնդիր է, որը սովորաբար պայմանավորված է լինում մարդկանց կենսակերպով ու սննդամթերքի որոշակի տեսակների գործածությամբ: Այն կարող է բավական տհաճ ու ցավոտ զգացողություններ առաջացնել՝ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ այս դեպքերում մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել խնդրից:

Գոյություն ունեն փորափքանքի դեմ պայքարի տարբեր դեղամիջոցներ, սակայն կան նաև շատ պարզ ու հասանելի բնական միջոցներ, որոնք իրենց արդյունավետությամբ չեն զիջում դեղորայքին, սակայն շատ ավելի անվնաս են ու չեն առաջացնում որևէ կողմնակի բարդություն, քանի որ չեն պարունակում վնասակար քիմիական տարրեր։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք արդյունավետ ժողովրդական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել տհաճ զգացողություններից։

  • 1 ճաշի գդալ դեղատու հրեշտակախոտի մանրացրած տերևներին ու արմատներին ավելացնել կես բաժակ ջուր, 15 րոպե դնել տաք գոլորշու վրա, այնուհետև թրմել ևս 45 րոպե։ Այս դեղամիջոցը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ կես բաժակ։
  • 1 ճաշի գդալ սամիթի մանրացրած սերմերին ավելացնել 1,5 բաժակ եռման ջուր, տարան ծածկել ու թրմել 2-3 ժամ։ Ստացված թուրմը քամել և խմել օրական երեք անգամ կես բաժակ ուտելուց մի քանի ժամ առաջ։
  • 1 ճաշի գդալ դեղատնային երիցուկի չորացրած ծաղիկներին ավելացնել 200 մլ եռման ջուր, դնել թույլ կրակին ու եռացնել հինգ րոպե, այնուհետև թրմել 4 ժամ ու քամել։ Ստացված թուրմն ընդունել օրական 4 անգամ ուտելուց առաջ երկուական ճաշի գդալ։

Այս ըմպելիքներն արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում փորափքանքը պայմանավորված է լինում առողջականն լուրջ խնդիրներով, ուստի խնդրի հաճախակի կրկնության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ aif.ru