«Անաակնկալներն այս տարի միայն տհաճ էին». Վաչե Թովմասյանը՝ 34-ամյակի մասին

Հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանն այսօր նշում է 34-ամյակը: Ինտրագրամի «սթորի» բաժնում նա տեղադրել է երեկ զոհված զինծառայողների լուսանկարներն ու մակագրել` «Շատ տխուր եմ: Աստված հոգիներդ լուսավորի, իմ եղբայրներ»:

Tert.am Life-ի հետ զրույցում Վաչեն ասաց, որ այս տարի ծննդյան օրվա հետ կապված ոչինչ չի ծրագրել, քանի որ դա թույլ չեն տալիս ո՛չ տրամադրությունը, ո՛չ հակահամաճարակային կանոները:

«Ամեն տարի տխրում եմ, քանի որ ևս մեկ տարով մեծանում եմ: Այս տարի ավելի տխուր եմ` կապված համաճարակային իրավիճակի և սահմանում տեղի ունեցող դեպքերի հետ: Ծննդյանս օրը հոգիս անհասկանալի թախիծ է պարուրում, չեմ կարողանում օրը վայելել: Երբ ինչ-որ բան եմ կազմակերպում, մտածում եմ`բոլորը օրը վայելեն, ես չեմ վայելում, իսկ երբ չեմ կազմակերպում, անորոշություն է»,-ասաց նա:

Կորուստների ու ձեռքբերումների մասին վերլուծությունները Վաչեն Ամանորին է անում, դրանց մասին ծննդյան օրը չի մտածում: «Ուզում եմ`այս տարին ուղղակի անցնի: Բայց, ցավոք սրտի, համաճարակային իրավիճակը կարող է նաև մյուս տարի շարունակվել: Ինքս ինձ մաղթում եմ, որ տարին հաղթահարեմ, քանի որ անաակնկալներն այս տարի միայն տհաճ էին»: