Զառա Սահակյանը կտրուկ փոխել է մազերի երանգն ու նմանվել տիկնիկի (լուսանկարներ)

Դերասանուհի Զառա Սահակյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել` վարսերը կտրելով և շեկ երանգը փոխարինելով կրակագույնի:

«Մինչև կորոնավիրուսի տարածումը, երբ Women’s Club-ի հետ Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում հյուրախաղերի էինք մեկնել, երբեմն օրվա ընթացքում մի քանի սանրվածք էի փոխում, ինչից մազերս որակազրկվել էին: Երբ վերադարձանք Հայաստան, բոլոր գեղեցկության սրահները փակ էին: Ինքս կտրեցի մազերիս վնասված հատվածները: Մազերս ինքնուրույն կտրելու առաջին փորձս չէր: Չեմ կարող ասել, որ տեխնիկապես տիրապետում եմ վարսահարդարությանը, բայց կարողանում եմ մի փոքր կտրել, մինչև հասնեմ մասնագետին»,- Tert.am Life -ի հետ զրույցում ասաց նա:

Զառայի խոսքով` որոշել է մազերն այնպիսի գույնով ներկել, որ անընդհատ գունաթափելու խնդիր չունենա և որակազրկված մազերը հասցնեն վերականգնվել: «Ավելի մուգ երանգ էի պատկերացնում, բայց քանի որ հետո բաց գույնի վերադառնալու համար գունաբացելու խնդիր կունենայի, ընտրեցի կրակագույնը,- ասաց նա ու հավելեց, որ ոճափոխությունը նաև հոգեբանական վիճակով էր պայմանավորված: -Ինձ մոտ երկուսը մեկում եղավ: Վերջին շրջանում անընդհատ բացասական լուրեր ենք լսում, վախի մթնոլորտում ենք ապրում, աշխատանքում չենք ինքնարտահայտվում. այս ամենը նույնպես նպաստեց ոճափոխությանս: Հիմա մազերիս գույնից մեծ էներգիա եմ ստանում»: