Հավով լցոնված կարտոֆիլ. ամերիկյան այս տարբերակը դուք հաստատ դեռ չեք փորձել

Ջեռոցում եփած և լցոնած կարտոֆիլն ամենահամեղ ու պարզ ուտեստներից է։ Սակայն այսօր Positive-ն առաջարկում է մոռանալ լցոնած կարտոֆիլի՝ նավակների տեսքով, վրայից պանիր քերած ծեծված տարբերակն ու փորձել ամերիկյան խոհանոցից վերցված այս նոր ու հետաքրքիր բաղադրատոմսը։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Հավի փափկամիս – 200 գր.
  • Ալյուր – 1 ճ.գ.
  • Կարագ – 10 գր.
  • Թարխուն – 1 հատ
  • Ձիթայուղ – ըստ ճաշակի
  • Կարտոֆիլ – 4 հատ
  • Կաթ – 250 մլ.
  • Դիժոնյան մանանեխ – 1 թ.գ.
  • Սպանախ – 50 գրամ
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Հավի փափկամիսը նախօրոք եփեք և կտրատեք ոչ մեծ կտորների։

2. Թարխունի ճյուղն ու սպանախը միասին մանր կտրատեք։

3. Խոշոր կարտոֆիլները լավ լվացեք, դրեք ջեռոցի տապակի վրա և բուսայուղ քսեք։ 35-40 րոպեով դրեք 220 աստիճանի տակ տաքացված ջեռոցը։

4. Կարտոֆիլը պատրաստ լինելուց 10 րոպե առաջ պատրաստեք սոուսը։ տապակի մեջ կարագը հալեցրեք և ալյուրը բովեք կարագի մեջ մեկ րոպեի չափ։ Հանեք կրակից, կաթ ավելացրեք, խառնեք։ Նորից դրեք կրակին, խառնելով հասցրեք եռման վիճակի։

5. 3-4 րոպեից սոուսին ավելցրեք մանանեխը և կտրատած հավի միսը։ Եվս երկու–երեք րոպե միասին եփեք։ Ավելացրեք սպանախն ու թարխունը, աղ և պղպեղ արեք։

6. Կարտոֆիլը հանեք ջեռոցից։ Կարտոֆիլները կտրեք մեջտեղի, բայց ոչ մինչև վերջ։ Փորեք և լցրեք հավով սոուսը։