Ինչպես ընտրել ճիշտ ախտահանող միջոց

Վիրուսներից ու բակտերիաներից պաշտպանվելու համար լավագույն միջոցը հասարակ օճառով լվացվելն է, սակայն լինում են դեպքեր, երբ ձեռքերը լվանալու հնարավորություն չի լինում, ուստի հարկավոր է լինում փնտրել ախտահանման այլընտրանքային տարբերակներ: Նման դեպքերում օգնության են հասնում հատուկ հակասեպտիկ միջոցները, սակայն օրգանիզմին վնաս չհասցնելու համար հարկավոր է ճիշտ ընտրել ախտահանող միջոցն ու սովորել այն ճիշտ օգտագործել:

Ախտածին բակտերիաներից պաշտպանվելու համար հարկավոր է ընտրել սպիրտ պարունակող միջոցներ, որոնք առավել արդյունավետ են և վտանգավոր չեն մաշկի համար: Նման հակասեպտիկ միջոցների հաճախակի գործածությունը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ, սակայն այս խնդրից կարելի է հեշտությամբ ազատվել խոնավացնող նրբաքսուքի միջոցով:

Ախտահանող միջոցն ընտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել դրա վրա առկա նշումներին: Այն պետք է անպայման օժտված լինի հակաբակտերիալ կամ հակասեպտիկ հատկություններով, այլապես չի պաշտպանի ինչպես հարկն է: Ընդ որում՝ հարկավոր է հաշվի առնել, որ հակաբակտերիալ միջոցներն իրենց արդյունավետությամբ մի փոքր զիջում են հակասեպտիկ միջոցներին:

Սպիրտ պարունակող ախտահանիչ միջոցներն ունենում են բավական սուր հոտ, սակայն օգտագործելուց 15-20 վայրկյան անց այն անհետանում է:

Երեխաների մաշկի համար սպիրտային ախտահանիչ միջոցները կարող են վտանգավոր լինել, ուստի խորհուրդ է տրվում դրանք չօգտագործել: Խնդիրներից խուսափելու համար հարկավոր է փոքրիկների մաշկն ախտահանել ջրի հիման վրա պատրաստված միջոցներով: Նման միջոցներն ունում են ավելի ցածր արդյունավետություն, սակայն դրանք անվնաս են երեխաների համար և այնուամենայնիվ որոշակիորեն պաշտպանում են ախտածին տարրերից:

Ինչպես ճիշտ օգտագործել ախտահանող միջոցները

Մաշկը ճիշտ ախտահանելու և վնասակար միկրոօրգանիզմները ոչնչացնելու համար հարկավոր է սովորել ճիշտ օգտագործել նման միջոցները: Հարկավոր է.

·         մոտ 3 մլ ախտահանող միջոցը լցնել ափի մեջ և տարածել այն ձեռքերի ամբողջ մակերևույթին,

·         մոտ 30 վայրկյան դրանով մշակել մաշկը՝ հատուկ ուշադրություն դարձնելով եղունգներին ու դրանց տակ եղած բաց հատվածներին,

·         սպասել մինչև ախտահանող միջոցը չորանա,

·         անհրաժեշտության դեպքում մաշկին խոնավացնող նրբաքսուք քսել:

Սակայն մասնագետներն այնուամենայնիվ նախազգուշացնում են, որ ոչ մի հակասեպտիկ միջոց չի կարող նույնքան լավ մաքրել մաշկն ախտածին տարրերից, որքան հասարակ օճառով լվացվելը: Սա է պատճառը, որ հասարակական վայրեր այցելելուց, զուգարանից և հասարակական տրանսպորտից օգտվելուց հետո հարկավոր է անհապաղ լվանալ ձեռքերը: Բացի այդ, ձեռքերն անհրաժեշտ է լվանալ նաև սնվելուց առաջ ու հետո, ինչը շատ կարևոր է մանրէներից ու բակտերիաներից պաշտպանվելու համար: