Խնայողություններն ավելացնելու միջոց, որից օգտվում են ճապոնական ընտանիքները

Ճապոնիան աշխարհի առաջատար տնտեսական տերություններից մեկն է համարվում։ Միևնույն ժամանակ այն ամենաթանկ երկրներից մեկն է նաև, սակայն առանց հարմարավետ կյանքին վնաս հասցնելու։ Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում։

Positive-ը ներկայացնում է ճապոնացիների տնտեսման միջոցներից մեկը, որից օգտվում են երկրի գրեթե բոլոր բնակիչները։

Kakebo ընտանեկան բյուջեի համակարգը

Ճապոնիայում տղամարդն իր վաստակածը կնոջն է տալիս։ Նա բաշխում է փողն իր հայեցողությամբ, նույնիսկ գրպանի փող է տալիս ամուսնուն։ Բոլոր տնտեսուհիներն այստեղ հատուկ մատյան են պահում, որտեղ նշում են եկամուտներն ու ծախսերը։

Բյուջեի վարման համակարգը կոչվում է Kakebo: Սրա գլխավոր սկզբունքները բյուջեի բաշխումն է ըստ պարտադիր և լրացուցիչ ծախսերի, նպատակներ դնելն ու գումարի որոշումը, որը պետք է խնայվի, նպատակին հասնելու համար, ամեն օր ծախսերի և մուտքերի գրանցումը և ամսվա վերջում ամփոփումը։

Տնային հաշվապահությունը հարմար ձևով վարելու համար առաջարկվում է բոլոր ծախսերը առանձին կատեգորիաների բաժանել. «սնունդ», «կենցաղ», «կոմունալ ծախսերի վճարումներ», «հագուստ»։ Առանձին սյունակ պետք է տրամադրել նաև չկանխատեսված ծախսերի համար։

Ամեն շաբաթվա վերջում անպայման պետք է զբաղվել ծախսերի վերլուծությամբ, թե ինչին է հետագայում պետք ավելի շատ գումար տրամադրել, ինչից կարելի է խնայել։

Բավական էֆեկտիվ միջոց է Kakebo համակարգի հեղինակի խորհուրդը՝ դեպի վերև կլորացնել ծախսի գումարը։ Օրինակ, 4700 յեն արժեքով ինչ որ ապրանք գնելու դեպքում համարում ենք, որ 5000 յեն ենք ծախսել, իսկ 300 յենը գցում ենք խնայողությունների տուփի մեջ։

Տարերային աղետների նկատմամբ վախը, ինչպես նաև խնայողությունների նկատմամբ սերն այն հիմնական պատճառներն են, որոնցով առաջնորդվելով ճապոնացիները ամեն ամիս կողքի են դնում իրենց եկամուտների 25%-ը։