Նռան ամենաօգտակար հատկությունները. 5 պատճառ հաճախ նուռ ուտելու համար

Նուռն ամենահամեղ ու օգտակար մրգերից մեկն է, որն ամրապնդում է օրգանիզմն ու օգնում է պայքարել տարատեսակ վարակների դեմ, սակայն քչերը գիտեն, թե ինչպես է այն իրականում անդրադառնում օրգանիզմի վրա: Գիտնականները ներկայացրել են նռան ամենաօգտական հատկություններն ու հինգ պատճառ այն սննդակարգում ներառելու համար:

Կարգավորում է մարսողությունը

Նուռն արագացնում է սննդի մարսման գործընթացն ու խթանում է ֆերմենտների արտազատումը: Այս մթերքն ունի շատ ցածր կալորիականություն (70 կկալ), սակայն այն բարելավում է ախորժակը: Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս նուռն ուտել սնվելուց 5-10 րոպե առաջ, քանի որ այս դեպքում քաշը կնվազի առանց կողմնակի բարդությունների:

Սակայն հարկ է հիշել, որ օրական խորհուրդ է տրվում ուտել առավելագույնը մեկ հատ նուռ կամ խմել կես բաժակ թարմ քամած հյութ: Ընդ որում՝ հատկապես զգույշ է պետք լինել գաստրիտի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում:

Բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը

Նուռը հարուստ է հեշտ յուրացվող երկաթով, ուստի մասնագետները հաճախ են խորհուրդ տալիս սննդակարգում նուռ ներառել երկաթ պակասորդային անեմիայի (սակավարյունություն) դեպքում:

Բարելավում է սրտամկանի աշխատանքը

Այս միրգը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք դրական ազդեցություն են ունենում սրտանոթային համակարգի վրա: Դրանք նվազեցնում են զարկերակային ճնշումը, նվազեցնում են արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը, ամրապնդում են անոթների պատերն ու խոչընդոտում են աթերոսկլերոտիկ վահանիկների առաջացմանը:

Երիտասարդացնում է մաշկն ու բարելավում քնի որակը

Նռան սերմերն օգտագործվում են եթերայուղերի պատրաստման համար: Դրանք պարունակում են F և E վիտամիններ ու կիրառվում են կոսմետոլոգիայում որպես մաշկի վիճակը բարելավող միջոց: Օրգանիզմի վրա երիտասարդացնող ազդեցություն է ունենում նաև նռան հատիկների միջև եղած բարակ թաղանթների չորացրած կտորներից պատրաստված թեյը, որը նաև հանգստացնում է նյարդային համակարգն ու օգնում է ազատվել անքնությունից:

Խթանում է իմունային համակարգի աշխատանքը

Նռան հյութը պարունակում է ավելի շատ հակաօքսիդանտներ, քան կանաչ թեյը կամ մյուս մրգերը: Բացի այդ, այս միրգը հարուստ է վիտամին C-ով, որն ամրապնդում է իմունային համակարգը: Սակայն հարկ է հիշել, որ պահածոյացվելու դեպքում այս վիտամինը կարող է տարրալուծվել, ուստի դրանից օգուտ ստանալու համար նուռը խորհուրդ է տրվում օգտագործել թարմ վիճակում:

Նյութի աղբյուրը՝ actualnews.org