«Մարդիկ ինձ տեսել են կերպարում, որում երբեք չէին պատկերացնի»․ Արփինե Իսրայելյանը՝ ոճափոխության և համարձակ կերպարի մասին

Դերասանուհի Արփինե Իսրայելյանը ներկայացել է նոր ու համարձակ կերպարով, թեև արտաքնի հետ կապված փոփոխությունները նրան դժվարությամբ են տրվում: Tert.am Life-ի հետ զրույցում Արփինեն խոսել է նոր կերպարից և փոփոխությունների մասին, որոնք կյանքում ու մասնագիտության մեջ նրան ավելի հեշտ են տրվում, քան այն ժամանակ, երբ հերթը հասնում է արտաքին տեսքին:

Առավել համարձակ դիմահարդարումն ու վարսահարդարումը Արփինեն արել է ոչ թե ֆոտոշարքի կամ նախագծի, այլ հետաքրքրության համար։  Իր կերպարը բնութագրելիս դերասանուհին ասաց․ «Այս կերպարը, որպես այդպիսին, ինձ հոգեհարազատ չէ, բայց արտահայտում է իմ ներսի չարտահայտվող ու թաքնված կերպարները։  Կյանքում ես բավականին էմոցիոնալ մարդ եմ, բայց մասնագիտությանս մեջ փորձում եմ հստակ ու զուսպ լինել։ Սա ստանդարտից դուրս երկրորդ կերպարն է, որով ներկայանում եմ։ Երկու դեպքում էլ մտահղացումը եղել է այն մասնագետներինը, որոնց հետ համագործակցում եմ։  Երբ եղավ նման փորձարկում անելու առաջարկ, սիրով համաձայնեցի, վստահում եմ այն մարդկանց, որոնց հետ աշխատում եմ»։

Արփինեի բնորոշմամբ՝ «ստանդարտից դուրս» կերպարը նրա դեպքում լինում է միայն բեմում։ Իրական կյանքում դերասանուհին հարմարվում է փոփոխություններին, եթե դրանք արտաքնի հետ անմիջական կապ չեն ունենում․ «Արտաքնի հետ կապված կտրուկ փոփոխություն երբեք չեմ արել։ Առայժմ չեմ պատկերացնում, որ կարող եմ ոճափոխության դիմել։ Տեսակով ես այսպիսին եմ՝ փոփոխություններ սիրում եմ, բայց ոչ շատ կտրուկ։ Շատ, թե քիչ հարմարվող մարդ եմ ու ցանկացած փոփոխություն՝ լինի կյանքի՞ բերումով, թե՞ դերերի հետ կապված, ինձ հեշտ է տրվում»։

Դերասանուհին կարևորում է փոփոխություններն իր մասնագիտական կյանքում՝ նշելով, որ դրանք կարևոր են ստեղծագործող մարդու համար․ «Ցանկացած դերասանի համար փոփոխությունները հետաքրքիր են։ Կարծում եմ՝ պրոֆեսիոնալ չէ ընտրել որևէ կերպար և դրա սահմաններից դուրս չգալ։ Դերասանն իր մասնագիտության մեջ պետք է հնարավորինս տարբեր ու ճկուն լինի»։

Դիտարկմանը, որ ինքը հասարակության մոտ արդեն ունի ձևավորված ավանդական ու դրական կերպար՝ Արփինեն պատասխանեց․ «Թատրոնում կտրուկ փոփոխություն եղել է։ Մարդիկ ինձ տեսել են մի կերպարում, որում երբեք չէին պատկերացնի։ Խոսքը «Մի համեստ դիակ կամ ելք կա» կատակերգության մեջ Մարգոյի կերպարի մասին է։ Դա կերպարային փոփոխություն էր, որը մինչև այսօր ամենատպավորիչն է եղել, անգամ, ինձ համար էր բացահայտում։  Կարծում եմ՝ մեր հասարակության մեջ ձևավորվել է այն մշակույթը, որ դերասանին ընկալեն դերից դուրս՝ կլինի բացասակա՞ն, թե՞ դրական կերպար։ Կար ժամանակ, երբ դերասանի էկրանային կերպարն էին նույնացնում իրական կյանքի հետ»։

Դերասանուհուն գոհացրել են այն արձագանքները, որոնք լսել է իր վերջին երկու համարձակ կերպարանափոխությունների մասին: «Դրական ու հետաքրքիր շատ արձագանքներ եմ լսել, տարբեր մեկնաբանություններ։ Իհարկե, դա ինձ համար շատ հաճելի է և ուրախանում եմ, որ մարդիկ գնահատում են նաև ոչ ստանդարտ մտածելակերպը։ Կարծում եմ՝ ապագայում կրկին հետաքրքիր լուծումներով, նոր կերպարներ կներկայացնեմ»,- եզրափակեց նա: