Կորոնավիրուսի տարածումն իր գագաթնակետին կհասնի օրեր անց. զոհերի թիվը գերազանցել է 130-ը

Չինացի գիտնականները նշել են այն հավանականան ժամանակահատվածը, երբ մահացու կորոնավիրուսի տարածումն իր գագաթնակետին կհասնի: Այս մասին, ինչպես հաղորդում է actualnews.org կայքը, խոսել է Չժուան Նանշանը՝ Չինաստանի առողջապահության հարցերով պետկոմիտեի հատուկ փորձագիտական հանձաժողովի ղեկավարը:

Մասնագետների գնահատականներով՝ 2019-nCoV կորոնավիրուսի տարածումն իր գագաթնակետին կհասնի 7-10 օրից: Ընդ որում՝ առայժմ գիտնականները դժվարանում են պատասխանել այն հարցին, թե երբ կլինի բուն համաճարակի գագաթնակետը: Միևնույն ժամանակ Նանշանը կասկած է հայտնել, որ Չինաստանը կբախվի կորոնավիրուսի մասշտաբային տարածման:

Կորոնավիրուսի նոր տեսակով կարելի է վարակվել վիրուսակիրից անգամ 1-2 մետր հեռավորության վրա գտնվելու դեպքում: Թոքաբորբի այս տեսակի ախտանշանների շարքին են դասվում չոր հազը, շնչառական խնդիրները, ընդհանուր թուլությունն ու մարմնի ջերմաստիճանի բարձրացումը:

Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն, Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել է, որ երկրում վիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի, վարակվածների թիվը՝ 5974-ի: Վարակվածներից 1239-ի վիճակը գնահատվում է ծանր, 103 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից: Այս պահի դրությամբ կա 9239 մարդ, որոնց մոտ կասկածվում է կորոնավիրուսի նոր տեսակ: Վարակվածների հետ սերտ շփման մեջ գտնված ևս 59 990 անձ գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է:

Նորագույն անհայտ տեսակի վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ուկրաինայում և այլն: