«Երկուսս էլ խանդոտ ենք»․ Էլեն Ազնավուրյանը՝ սիրելիի հետ հարաբերությունների և բիզնեսով զբաղվելու մասին

«Պատվից առավել» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի, ֆոտոմեդել Էլեն Ազնավուրյանը եթերային դադար է վերցրել։ Էլենի խոսքով՝ ներկայումս իրեն այլ ոլորտում է պատկերացնում և աշխատում է այդ ուղղությամբ։  

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է անձնական կյանքի, սիրելիի հետ տարբեր մասնագիտություններ ունենալու և հարաբերություններում երկկողմանի խանդի մասին։

Էլենի սիրելին՝ մասնագիտությամբ ատամնաբույժ Բորիս Մկրտչյանն է, զույգը միասին է արդեն վեց ամիս։ Խոսելով իրենց հանդիպման, ծանոթության ու շփման մասին՝ դերասանուհին ասաց․ «Մեր հանդիպումն ինձ համար անսպասելի էր, իր համար՝ սպասելի։ Նա էր ամեն ինչ այնպես արել, որ այդ հանդիպումը կայանա։ Մենք ծանոթացանք, սկսեցինք շփվել և արդեն վեց ամիս է՝ միասին ենք։ Թե երբ կնշանվենք կամ երբ կպատրաստվեմ հարսանիքի, չեմ կարող ասել»։

Անձնական կյանքը հանրայնացնելու որոշումը դերասանուհին կայացրել է կողակցի հետ։ «Իհարկե, այնպես չէ, որ ցանկանում ենք մեր անձնականը շատ բաց ու հանրային լինի, սակայն Ինստագրամի իմ էջը բացի գործնականից նաև անձնական է, որոշեցի, որ այնտեղ պետք է տեղ գտնեն նաև անձնական լուսանկարներ»,- ասաց Էլենը:

Դերասանուհին ասաց, որ մինչև սիրելիին հանդիպելը ընտրյալի հետ կապված իր պատկերացումներն ուներե, որոնք ամբողջությամբ համընկել են իրականությանը․ «Մտածել եմ՝ կողակիցս ինչ բնավորությամբ, մարդկային ինչ հատկանիշներով պետք է լինի։ Նա հենց այնպիսին է, ինչպիսին ես պատկերացնում էի: Առհասարակ, անձնականի մասին իմ բոլոր պատկերացումները, բարեբախտաբար, իրականություն են դարձել: Հիմա ապրում եմ այն, ինչի մասին երազում էի»։

Դերասանուհու խոսքով՝ մասնագիտությունների տարբերություններն իրենց հարաբերություններում տարաձայնության պատճառ չեն դառնում։ Անկախ իրենց գործի բնույթից՝ փորձում են հնարավորինս հասկանալ իրար։

Ինչ վերաբերում է խանդին՝ Էլենը ժպիտով ասաց․ «Երկուսս էլ խանդոտ ենք, սակայն յուրաքանչյուր պարագայում փորձում ենք հասկանալ իրար, որպեսզի խուսափենք վեճերից։ Եթե ուզում ես անձնական կյանք կառուցել, պետք է հարմարվես կողակցիդ։ Շատ հնարավոր է, որ ընկերս մասնագիտական սահմանափակումներ դնի իմ առաջ, ես դրան դեմ չեմ»։

Ըստ Էլենի՝ ներկայումս եթերային դադար է վերցրել ու հեռուստասերիալներում առայժմ հանդես չգալու որոշում կայացրել, սակայն դա անձնական կյանքի հետ որևէ կապ չունի։

«Ներկա պահին զբաղվածությունս մի փոքր այլ ուղղությամբ է՝ հանդես եմ գալիս որպես ֆոտոմոդել, ապագա լեզվաբան եմ, զբաղվում եմ իմ ուսմամբ և փոքրիկ բիզնես ունեմ, որը վարում եմ Ինստագրամի էջով։ Այս ընթացքում հեռուստասերիալներում խաղալու առաջարկներ եղել են, սակայն չեմ ընդունել։ Դեռ ինքս էլ չգիտեմ՝ հետագայում կնկարահանվե՞մ, թե՞ ոչ։ Իմ այս որոշումը որևէ բանի հետ կապված չէ, ուղղակի ներկայումս ինձ մի քիչ այլ ոլորտում եմ պատկերացնում՝ մասնավորապես բիզնեսի»,- ասաց նա: