Մասնագետները նշել են՝ ինչ չի կարելի ուտել նախաճաշին

Ճիշտ նախաճաշն օգնում է մարդուն էներգիա ստանալ ու պահպանել ակտիվությունն ամբողջ օրվա ընթացքում, սակայն երբեմն մարդիկ նախաճաշին օգտագործում են մթերք, որը կարող է վնասակար լինել ու բավական տհաճ հետևանքներ ունենալ: Շվեյցարացի գիտնականները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի ուտել առավոտյան դատարկ ստամոքսին։

Մասնագետների խոսքով` նախաճաշի համար ամենաանհամապատասխան սննդամթերքի տեսակների շարքին է դասվում կծու և մեծ քանակությամբ համեմունքներ պարունակող մթերքը, որը գրգռում է  ստամոքսի լորձաթաղանթն ու հանգեցնում թթվային ռեակցիայի ու ցավոտ սպազմների առաջացման։ Բացի այդ, համեմունքներն իրենց բնույթով գրգռող տարրեր են, ինչը կարող է դառնալ մարսելախանգարման պատճառ։

Շատերը կարծում են, որ օրը լավ սկսելու համար լավագույն մթերքը մրգային հյութն է, ինչը, սակայն, բավական վատ սովորություն է։ Բանն այն է, որ շաքար պարունակող ցանկացած մթերք կամ ըմպելիք հավելյալ ճնշում է գործադրում ենթաստամոքսային գեղձի վրա, ինչը կարող է էլ ավելի վնասակար լինել առավոտյան։ Բացի այդ, դատարկ ստամոքսին ֆրուկտոզայի ընդունում կարող է գերծանրաբեռնել լյարդը։

Օրգանիզմի վրա նույն կերպ են անդրադառնում նաև քաղցր գազավորված ըմպելիքները, ուստի դրանք նույնպես չի կարելի խմել առավոտյան դատարկ ստամոքսին։ Այս ըմպելիքները նախաճաշին խմելը կարող է դառնալ ստամոքսի սպազմների պատճառ։ Բացի այդ, ստամոքսահյութին խառնվելու դեպքում դրանք հանգեցնում են սրտխառնոցի և գազերի կուտակման, ինչը կարող է բավական տհաճ խնդիր դառնալ։

Նախաճաշի համար անհամապատասխան սննդամթերքի շարքին են դասվում նաև նարինջը, թուրինջն ու ցիտրուսային այլ մրգերը, որոնք հաճախ են գովազդվում որպես առողջ նախաճաշի լավագույն բաղադրիչներ։ Այս մրգերը նպաստում են ստամոքսահյութի արտադրմանը, իսկ դրանցում պարունակվող մեծ քանակությամբ մանրաթելերն ու ֆրուկտոզան բացասաբար են անդրադառնում մարսողության գործընթացների վրա։

Նյութի աղբյուրը՝ med2.ru