5 մթերք, որոնք շատ օգտակար են սրտամկանի համար և օգնում են խուսափել սրտանոթային մի շարք խնդիրներից

Սննդակարգն ու սրտամկանի առողջությունը փոխկապակցված են, մինչդեռ շատերն անտեսում են այդ կապը: Մասնագետների խոսքով՝ կան սննդամթերքի որոշակի տեսակներ, որոնք կարող են վնասել սրտամկանին, սակայն կան նաև այնպիսինները, որոնք շատ օգտակար են և պաշտպանում են տարատեսակ խանգարումներից: MedikForum.ru կայքը ներկայացրել է սննդամթերքի այն տեսակները, որոնք կօգնեն պահպանել սրտամկանի առողջությունը:

Սպանախ

Այս բույսը պարունակում է սրտամկանի համար շատ օգտակար С և Е վիտամիններ, ինչպես նաև բետա-կարոտին, կալիում, ֆոլաթթու, կալցիում ու մանրաթելեր: Հնարավորինս շատ օգուտ ստանալու համար պետք չէ պարզապես սպանախ ուտել, քանի որ այն շատերի համար տհաճ կարող է լինել: Այս բույսը կարող է հիանալի փոխարինող լինել հազարի թերթիկներին, ինչպես նաև շատ համեղ ու օգտակար հավելում դառնալ պաստաների, պիցցայի ու ձվածեղի համար:

Կտավատի սերմեր

Սրտամկանի համար ամենաօգտակար սննդամթերքի տեսակներից են նաև կտավատի սերմերը: Բանն այն է, որ այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթելեր, մանգան, օմեգա-3 ճարպաթթուներ ու մագնեզիում: Այս սերմերը կարող են հիանալի հավելում լինել աղցաններին ու սմուզիներին: Ավելին՝ դրանք կօգնեն յուրահատուկ համ հաղորդել անգամ թխվածքներին:

Վարսակի փաթիլներ

Վարսակի օգտակար հատկությունների մասին շատերն են լսել: Ընդ որում՝ այն օգտակար է ոչ միայն սրտամկանի, այլև ամբողջ օրգանիզմի համար: Սակայն այս մթերքից առավել շատ օգուտ ստանալու համար այն խորհուրդ է տրվում ուտել նախաճաշին:

Լոբազգիներ

Լոբազգիները լուծվող մանրաթելերի, В խմբի վիտամինների, նիացինի, ֆոլաթթվի, մագնեզիումի, կալցիումի և օմեգա-3 ճարպաթթուների հիանալի աղբյուր է: Լոբին, ոսպը, ոլոռն ու այլ լոբազգիներն օգնում են նվազեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև նվազեցնել սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը: Լոբազգիները կարող են հիանալի բաղադրիչ դառնալ ապուրներ, ռագու, աղցաններ և այլ համեղ ուտեստներ պատրաստելու համար:

Յուղոտ ձկնատեսակներ

Ձկան բոլոր յուղոտ տեսակներում պարունակվում են օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք կարող են պայքարել սրտանոթային հիվանդությունների դեմ: Սա է պատճառը, որ առողջ սրտամկան ունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում անպայման ներառել այնպիսի ձկնատեսակներ, ինչպիսին են սաղմոնը, սկումբրիան, սարդինաները և այլն: