Բժիշկը նշել է՝ որն է ձմեռային ընկճախտի դեմ պայքարի լավագույն միջոցը

Ձմռանը սթրեսն ու ընկճախտը հաղթահարելը կարող է բավական դժվար լինել, սակայն Մոսկվայի առողջապահության վարչության սպորտային բժշկության կազմակերպչամեթոդաբանական բաժնի ղեկավար Իգոր Իուսովը «Москва» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, թե ինչպես կարելի է պայքարել նման խնդրի դեմ: Փորձագետի խոսքով՝ ձմռանն ընկճախտը հաղթահարելու լավագույն տարբերակը պարբերաբար այգում վազքով զբաղվելն է:

«Ամենապարզ միջոցն այգում վազքով զբաղվելն է: Օրինակ՝ արևոտ եղանակին կարելի է լրացնել վիտամին D-ի պակասը, իսկ բնության հետ շփումը կօգնի հաղթահարել սթրեսն ու բարելավել տրամադրությունը», — նշում է փորձագետը:

Մասնագետի խոսքով՝ նման մարզումների ընթացքում մարդը մաքուր օդ է շնչում և վերադառնում է տուն բարձր տրամադրությամբ ու լավ ինքնազգացողությամբ:

Բացի այդ, այս մարզումները կոփում են օրգանիզմն ու նվազեցնում մրսածության ու նմանատիպ այլ հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Խոսելով ձմեռային մարզաձևերի մասին՝ մասնագետը խորհուրդ է տալիս զբաղվել դահուկավազքով, քանի որ այն «ոչ միայն բարելավում է ֆիզիկական վիճակը, այլև կոփում է բնավորությունը»: Որպես այլընտրանքոային տարբերակ կարող է լինել նաև գեղասահքը, որն օգնում է ամրապնդել ազդրերի մկանները:

Ընդ որում, բժիշկը նաև ընդգծում է, որ ցանկացած ծանրաբեռնվածություն օգտակար է միայն չչարաշահելու դեպքում: Գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել օրգանիզմում կորտիզոլի մակարդակի բարձրացման, ինչը վիտամին D-ի դեֆիցիտի ֆոնին կարող է դառնալ հոգնածության ու ընկճվածության պատճառ: