«Տանեցիներն շատ հետաքրքիր ու խորհրդավոր ձևով էին կազմակերպել այդ ամենը»․ Սոֆի Դևոյանը՝ 18-ամյակի և ամենահետաքրքիր հունվարի 1-ի մասին

Հունվարի 1-ին դերասանուհի, պարուհի Սոֆի Դևոյանը նշել է 18-ամյակը։  Ամանորն ու տարեդարձը մեկ օրում նշելը, ըստ Սոֆիի, ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր։ Tert.am Life-ի հետ զրույցում պարուհին պատմեց տարեդարձի օրը հետաքրքիր էմոցիաներ ունենալու, երկու նվեր ստանալու և Ձմեռ պապիկի հետ ամենահիշարժան հանդիպման մասին։

«Այն, որ տարեդարձս հենց Ամանորին է, ինձ շատ չի մտահոգում, չնայած բողոքելու տեղ ունեմ։ Հունվարի 1-ին մարդիկ նախընտրում են լինել իրենց ընտանիքների, բարեկամների ու հարազատների հետ։ Սա, իհարկե, շատ լավ հասկանում եմ և տարեդարձս նշում եմ ինձ ամենամոտ մարդկանց հետ, ովքեր թողնում են Ամանորն ու գալիս իմ տարեդարձին։ Տարիներ առաջ նեղվում էի, հիմա համակերպվել եմ»,-ասաց Սոֆին։

Պարուհին ոչ միայն համակերպվել է, այլև ժամանակի հետ սկսել շատ սիրել այդ օրն ու այն իրենը համարել․ «Իհարկե, չեմ կարող դժգոհել այդ օրվանից, որովհետև ես ծնվել եմ։ Ասում են՝ տարին ինչպես սկսում ես, այնպես էլ շարունակվում է։ Տարեդարձս առիթ է, որ ես ամեն տարի սկսեմ շատ բարձր տրամադրությամբ և այդպես շարունակեմ ամբողջ տարին»։

Դերասանուհին ժպիտով նշեց, որ  հունվարի 1-ի ամենամեծ դրական կետը երկու նվեր ստանալն է․ «Շատերին է հետաքրքրում՝ տարեդարձիս մե՞կ, թե՞ երկու նվեր եմ ստանում։ Ծիծաղելի է, բայց տարեդարձիս միշտ երկու նվեր եմ ստանում՝ մեկն Ամանորի, մյուսը՝ ծնունդիս համար»։ Դերասանուհին 18-ամյակը նշել է Երևանում, սակայն օրվան պատրաստվել անձամբ չի հասցրել. «Քանի որ այս տարի Հայաստանում չէի, տարեդարձիս հետ կապված ամեն ինչ մայրիկս ու ընկերներս էին կազմակերպել»:

Վերհիշելով իր ամենատպավորիչ տարեդարձը՝ պարուհին նշեց, որ այն կապված է Ձմեռ պապիկին հանդիպելու  հետ: «Իմ տարեդարձներն այնքան տարբեր են եղել, այնքան հետաքրքիր օրեր եմ ունեցել, որ դժվար է որևէ մեկն առանձնացնել։ սակայն մի տարին առավել շատ է տպավորվել. ես հավատում էի Ձմեռ պապիկի գոյությանն ու նրան նամակ էի գրել։ Շատ հետաքրքիր ու տաք հիշողություններ ունեմ, թե ինչպես էի կազմել այդ նամակը։ Պատկերացրեք իմ էմոցիաները, երբ ի պատասխան նամակիս՝ հունվարի 1-ին մեր տուն Ձմեռ պապիկ եկավ։ Տանեցիներն շատ հետաքրքիր ու խորհրդավոր ձևով էին կազմակերպել այդ ամենը. սկզբում դռան հետևում նվերներն էին, հետո ներս մտավ Ձմեռ պապիկը։ Ինչպես նման հիշողություններից հետո կարող եմ չսիրել տարեդարձս»,- եզրափակեց նա։