Փորձե՞լ եք մանդարինի մուրաբա պատրաստել, ուղղակի հրաշք է, այնքան բուրավետ, այնքան գունեղ, այնքան….

Մանդարինի մուրաբան  շատ համեղ  է ու շատ օգտակար: Այն վիտամինների շտեմարան է: Երբևէ համտեսե՞լ եք: Եթե ոչ, ապա պատրաստեք և այն կդառնա ձեր թեյի սեղանի անբաժան բաղադրիչը:

Մանդարինի մուրաբա պատրաստելու համար ընտրեք առողջ  պտուղներ: Պարտադիր չէ, որ դրանք քաղցր լինեն: Կան մարդիկ, ում շատ է դուր գալիս թթվաշ համը:

Բաղադրատոմս

  • Մանդարին — 1  կգ, Կիտրոն — 1 հատ
  • Շաքարավազ – 1 կգ, Ջուր 1 բաժակ
  • Մեխակ ըստ ցանկության և ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ընտրել  հասուն պտուղներ,  լավ լվանալ և չորացնել: Յուրաքանչյուր մանդարինը ծակծել  ատամի չոփիկի ծայրով  մի քանի տեղ  և այդ անցքերի մեջ մեխակ դնել:

Մանդարինները տեղադրել խորը տարայի մեջ, վրան ջուր լցնել և եփել  10 րոպե թույլ կրակի վրա, որ մանդարինները փափկեն և ջուրը քամել:   Առանձին կաթսայի մեջ  ջրից և շաքարավազից օշարակ պատրաստել,  երբ թանձրանա  մանդարինները լցնել  օշարակի մեջ  և եփել 10 րոպե:

Այնուհետև կրակից վերցնել և թողնել  2 ժամ,  գործողությունը կրկնել 2-3 անգամ, մինչև օշարակը դառնա  թափանցիկ և ստանա գեղեցիկ դեղին գույն:  Պատրաստ լինելուց առաջ ավելացնել կիտրոնի հյութը, եփել 5 րոպե  և լցնել տարաների մեջ ու փակել: