Փաշինյանի կտրուկ նախազգուշացումը

Ոստիկանության զորքերի կազմավորման 27-ամյակի առթիվ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթը իրարամերժ գնահատականների տեղիք է տվել՝ արժանանալով տարբեր արձագանքների։ «Բայց Հայաստանի Հանրապետությունում սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր անմնացորդ ձգտումը ոմանք կարծես փորձում են մեկնաբանել որպես թուլություն, և այսօր այստեղ ուզում եմ հստակ հայտարարել, որ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կունենա, կամ կամքի որևէ պակաս կունենա՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքը, ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում», – ասել է գործադիրի ղեկավարը։ Փաշինյանը վստահեցրել է՝ իրենց կամքը չի սասանվի, ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունում վերածնել բռնության քարոզչությունը և բռնության գործելակերպը։ Մի կողմից Փաշինյանի ելույթը հնչել է, այսպես ասած, պլանավորված միջոցառմանը ու թերևս դրանով է բացատրվում դրանում հասցեականության բացը, մյուս կողմից՝ վարչապետի խոսքը միանգամայն տեղավորվում է երկրում այսօր ձևավորված քաղաքական համատեքստում ու այս առումով վերացական չէ։ Հեղափոխության հաղթանակից ավելի քան մեկ տարի հետո դրա քաղաքական ձեռքբերումներն ամենևին էլ երաշխավորված չեն՝ չնայած այն հանգամանքին, որ հին համակարգին մաս կազմող ուժերն, ըստ էության, հեռացված են իշխանությունից կամ դուրս են մղվել լուսանցք։

Մի կողմից հեղափոխության թիմի թափթփվածությունն ու համակարգային բարեփոխումների բացակայությունը հիմք չեն տալիս պնդումներ անել հեղափոխության արդյունքների կապիլտալիզացիայի գործընթացի անշրջելիության մասին, մյուս կողմից՝ Հայաստանի դեմ իրականացվում է «հիբրիդային պատերազմ», որն, անտարակույս, ունի նաև արտաքին շահառու։ «Հիբրիդային պատերազմի» մասին խոսել է նաև վարչապետը, ամբողջ խնդիրն այն է, սակայն՝ արդյոք իշխանությունը համարժեք պատկերացում ունի՞ իրական մարտահրավերների մասին ու ընտրե՞լ է իր գործողությունների ճիշտ թիրախներ, թե՞ ամեն բան դարձյալ սահմանափակվելու է «սևերի» ու «սպիտակների» հակադրության մասին պրիմիտիվ թեզի համատեքստում։