«Շուշին շատ ուրախ էր». Աստղիկի և Նարբեի դստեր 2-ամյակն ու ընտանեկան նոր ֆոտոշարքը

Դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի դուստրը՝ Շուշին, օրերս դարձել է 2 տարեկան: Tert.am Life-ի հետ զրույցում Աստղիկն ասաց, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին դեպքերով պայմանավորված այս տարի չեն ցանկացել մեծ խնջույք կազմակերպել:

 

«Փորձեցինք տանը հիշարժան տոն ունենալ: Ծննդյան օրվա առավոտը Շուշիի համար անակնկալներով լեցուն էր: Թե՛ ես ու Նարբեն, թե՛ Մոնթեն նվերներ էինք պատրաստել իր համար: Շուշին դեռ 2 տարեկան է, բայց հասկանում էր, որ իր օրն է: Նվերները տվեցինք, երգեցինք նրա համար․ Շուշին ուշադրության կենտրոնում էր և իրեն լավ էր զգում: Դրանից հետո տանը ֆոտոշարքի մասնակցեցինք: Ուզում էի, որպեսզի հուշ մնա և երբ Շուշին մեծանա, հիշի իր 2-ամյակը: Շատ գեղեցիկ, ուրախ լուսանկարներ ստացանք: Շուշին լուսանկարվել շատ է սիրում, ամեն ինչ անում է, կարծես, մեծ աղջիկ լինի: Դրանից հետո մեկ օրով գնացինք քաղաքից դուրս, միասին լավ ժամանակ անցկացրինք»,- պատմեց Աստղիկը:

Նրա խոսքով՝ որոշել է ծննդյան օրը մանկական թեմատիկայով տորթ և փուչիկներ չընտրել․ «Տորթի համար ընտրեցի սպիտակ գույնը, որը խաղաղություն է խորհրդանշում: Շուշին արդեն ինքնուրույն փչում է իր տորթի մոմերը, նույնիսկ մի քանի անգամ է անում դա: Հիմա ծննդյան օրն անցել է, բայց կրկին ուզում է մոմեր փչել, իրեն այդ պահը շատ է դուր գալիս»:

Աստղիկը հաճախ է սոցցանցերի իր էջերում հրապարակում դստեր լուսանկարներն ու տեսանյութերը, Շուշին էլ հասցրել է սիրվել մայրիկի հետևորդների կողմից: «Շուշիի տեսանյութերից մեկն ավելի շատ է սիրվել․ ինձ ով տեսնում է, ասում է՝ դիտել է: Շուշիի երկրպագուների բանակը շատ մեծ է, նույնիսկ մտածում եմ իր անունով բլոգ բացելու մասին, ուղղակի դեռ այդքան ժամանակ չունեմ: Սոցցանցերում իմ ստացած նամակների մեծ մասը Շուշիի մասին են»,- պատմեց նա:

Աստղիկը նկատեց, որ Շուշին շատ հետաքրքրասեր է: «Իր հետ չես կարող ձանձրանալ: Երբ երկուսով ենք ժամանակ անցկացնում, դրանք ինձ համար ուրախության րոպեներ ու ժամեր են, որովհետև ամեն պահը հետաքրքիր է անցնում: Նույնիսկ երբ հիվանդ է, իր հետ հետաքրքիր է, անընդհատ նոր բաներ է մտածում: Եթե ես խոհանոցում եմ, Շուշին ինձ հետ է, եթե մաքրություն եմ անում, նա ինձ հետ է ու նույնիսկ օգնում է ինձ: Երբ դիմահարդարվում եմ, գալիս է, խնդրում՝ վրձիններն իրեն տամ ու թիթիզանում է: Շուշին, կարծես, իմ մանկության երազանքի տիկնիկը լինի, որը ցանկացել եմ ունենալ, բայց չեմ ունեցել, իր շնորհիվ երազանքներս իրականանում են»,- ընդգծեց նա:

Փոքրիկը հիմա  մանկապարտեզ է հաճախում։  Դերասանուհին նկատեց, որ  շատ հեշտ է հարմարվել, առաջին օրից էլ ուրախ գնացել է։ «Նույնիսկ այնպես է լինում, որ մանկապարտեզից վերցնելու ժամանակ հուզվում է, չի ուզում տուն գալ: Մարդկանց հետ շփվելու, նոր միջավայրին ինտեգրվելու հետ կապված խնդիրներ չի ունենում, այդպես էր նաև մինչև մանկապարտեզ հաճախելը: Շատ հեշտ երեխա է, նույնիսկ մանկական փոքրիկ կամակորությունների ժամանակ կարողանում եմ նրան հեշտ ուշքի բերել: Ի տարբերություն իր հասակակից շատ երեխաների՝ Շուշին հեռախոսով կամ հեռուստացույցով տեսանյութեր դիտել այնքան էլ չի սիրում: Փոխարենը երգում է, պարում, սպորտով զբաղվում, ինչը ոչ ոք իրեն չի սովորեցրել, չգիտեմ՝ որտեղ է տեսել»,- ասաց Աստղիկը:

Խոսելով Շուշիի և եղբոր՝ Մոնթեի հարաբերությունների մասին՝ դերասանուհին անկեղծացավ, որ հարաբերությունները տարբեր են լինում: «Լինում է, երբ Մոնթեն նույնիսկ չի թողնում, որ երեխային ես քնեցնեմ, ինքն է քնեցնում, լինում է նաև այնպես, որ Մոնթեն դպրոցից հետո հոգնած է լինում, իսկ Շուշին ուզում է խաղալ: Այդ դեպքում բախումներ են լինում, Մոնթեին բացատրում եմ, որ Շուշին փոքրիկ է, զիջողի դերում Մոնթեն է: Երբեմն նա բողոքում է, թե ինչո՞ւ է ինքը զիջում, բացատրում եմ, որ երբ մեծանա, Շուշին կզիջի: Մոնթեն նաև չի սիրում, երբ Շուշին իր դպրոցական իրերն է վերցնում, որովհետև միշտ ինչ-որ բան փչացնում է: Հիմնականում այնպես ենք անում, որ Շուշին չխանգարի Մոնթեին: Միասին հաճախ պահմտոցի ենք խաղում, նկարել ևս սիրում ենք»,- ասաց Աստղիկը և հավելեց, որ սիրում է ծրագրել օրը, քանի որ այդպես ավելի հետաքրքիր է անցնում, շաբաթ–կիրակիներն էլ միշտ ծրագրված են։