«Պատերազմի օրերին մոռացել էի հղիությանս մասին». Ռուզաննա Մանուչարյանը՝ եղբայրների վիրավորվելու և հղիության ընթացքում կորոնավիրուսով վարակվելու մասին

2020-ը ծանր տարի էր ամբողջ աշխարհում համավարակի և կարանտինի պատճառով: Հայաստանում տարին ավելի ծանր դարձավ Արցախյան պատերազմի արդյունքում: Դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանի երկու եղբայրները սահմանին են եղել ու վիրավորվել, նրան չի շրջանցել նաև Կորոնավիրուսը: Tert.am Life-ի հետ զրույցում Ռուզաննան պատմել է պատերազմի բարդ շրջանի, եղբայրների վիրավորվելու, արցախցիներին հյուրընկալելու, կորոնավիրուսով վարակվելու հոգեբանական խնդիրների մասին:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 25-ն ու 26-ն իր ու ամուսնու՝ դերասան Վահան Միրաքյանի համար այս տարվա ամենագունավոր օրերն էին, քանի որ պարզել են երեխայի սեռն ու փոքրիկ խնջույք կազմակերպել ապագա դստեր պատվին: «Սեպտեմբերի 27-ին աթնացանք ու իմացանք, որ պատերազմ է սկսվել: Կարծում եմ՝ չկար մեկը, ով հարազատ չունանար Արցախում: Մորաքարոջս ու հորաքրոջս որդիները կռվում էին ամենաթեժ տեղերում, հետո իմացանք, որ երկուսն էլ վիրավոր են: Հորաքարոջս որդու վիրավորվելու մասին պատերազմի ավարտից հետո իմացանք, քանի որ մեզ չէր ասել, իսկ մորաքրոջս տղան վիրավորվել է Շուշիում, փառք Աստծո, երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում, կկազդուրվեն»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ կարելի է ասել, որ սեպտեմբերի 27-ից հետո ամեն ինչ փոխվել է իրենց կյանքում: «Բոլորն ինձ այդ օրերին ասում էին, որ լուրերին չհետևեմ, մտածեմ երեխայիս մասին, ստում էի, որ չեմ կարդում, բայց, լինելով հայրենասեր մարդ, ում երկու եղբայրները սահմանին են, չէի կարող չկարդալ, չհետևել ու չցավալ: Պատերազմի օրերին նույնիսկ մոռացել էի հղիությանս մասին,- ասաց նա և հավելեց, որ այդ ընթացքում իրենց տանը հյուրընկալել են Արցախից եկած 7 հոգանոց ընտանիքի,- Ընտանիքում կար բալիկ, ով ուներ աուտիզմ, ինչը ևս սթրես էր ինձ համար, քանի որ նախկինում չէի առնչվել աուտիզմ ունեցող բալիկների հետ: Իհարկե բարդ էր, բայց սիրով ընդունեցինք նրանց ու մոտ 10 օր ապրեցինք միասին»:

Ռուզաննան նշեց, որ պատերազմն ավարտվելուն պես բախվել է մեկ այլ սթրեսի, հղիության երկրորդ եռամսյակում վարակվել է կորոնավիրուսով: «Հղիությունս շատ թեթև եմ տարել, անհանգստացնող ոչինչ չեմ զգացել, բայց, երբ երեք օր շարունակ ուժեղ գլխացավ ունեցա, հետո կոկորդի ցավ, ջերմություն, համի ու հոտի զգացողության կորուստ, հասկացա, որ գուցե կորոնավիրուսով եմ վարակված: Դիմեցի բժշկիս, հանձնեցի թեստ, որը դրական էր: Մինչև թեստավորումն էլ վստահ էի, որ կորոնավիրուսով եմ վարակված, տանն արդեն մեկուսացել էի, ոչ ոքի հետ չէի շփվում: Հենց առաջին ախտանշանների ժամանակ ամուսնուցս առանձնացա, ուրախ եմ, որ ճիշտ պահին կարողացա հեռու պահել իմ սիրելիներին այս վիրուսից: Արդեն առողջացել եմ, հանձնել եմ թեստ, որի արդյունքը բացասական էր»,- ասաց դերասանուհին՝ ցավով նշելով, որ հիվանդությունն իրենց համար արդեն ծանոթ էր, քանի որ տատիկը մահացել էր կորոնավիրուսից:

Նա ընդգծեց, որ կորնավիրուս վարակվելով պայմանավորված հոգեբանական խնդիրները բարդ էր հաղթահարել: «Հատկապես այս կարգավիճակում բարդ է մենակ ապրելը, հաճելի է, երբ անընդհատ քո մասին հոգ են տանում, ամուսինդ կողքիդ է, բայց այդ պահը ես ու փոքրիկս ֆիզիկապես միայնակ պետք է հաղթահարեինք: Ամուսինս հղիությանս ընթացքում ամեն պահի կողքիս է եղել, ամեն երեկո խոսել է մեր դստեր հետ, ինչից այդ պահին ժամանակավորապես զրկված էինք:  Հղիությանս ընթացքը, իհարկե, այսպես չէի պատկերացնում, բայց ինչ արած: Տանը գիմնաստիկայով էի զբաղվում, որ դրսում քայլելուն ինչ-որ բան փոխարինի, նաև բաց պատուհանից էի դուրս նայում, որպեսզի մաքուր օդ շնչեմ»,- պատմեց Ռուզաննան:

Դերասանուհին նաև ասաց, որ հղիության սկզբնական շրջանից օրագիր է ունեցել, որի մեջ գրել է իր ամենօրյա հույզերը, այդ թվում՝ պատերազմական շրջանի ապրումները: «Աղջիկս կծնվի, կմեծանա ու կկարդա այդ բարդ ժամանակաշրջանի մասին, որի ընթացքում ինքը գոյություն է ունեցել, բայց դեռ ծնված չի եղել: Ամեն դեպքում, մենք պետք է նոր սերնդին ներկայացնենք մեր հերոսներին, ստեղծված իրավիճակը»,- եզրափակեց նա: