«Դրանք ինձ չեն խոցել». Անելյա Գուբրյան

Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը միացել է «Երկուսով» սերիալի դերասանական կազմին: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է նոր դերի, անկեղծացել իր մասին, նաեւ նշել մոդելային ճանապարհի հայաստանյան խոչընդոտները:

Դրական

«Երկուսով» սերիալում շուտով նոր հերոսուհի կհայտնվի, որին ես եմ մարմնավորում: Փակագծեր չեմ ցանկանում բացել, միայն կասեմ, որ դրական կերպար է:

Առաջարկը մի քանի օր առաջ եմ ստացել: Շատ կարեւորում եմ այն թիմը, որի հետ աշխատում եմ այս կամ այն նախագծում: Գործընկերներ, ստեղծագործական կազմ, սցենար, հագուստ, որը պետք է ներկայացնեմ, եւ այլն: Այդ ամենը պետք է հավանեմ, նոր միայն համաձայնություն տամ:

Ռեժիսորի հետ աշխատել էինք «Էլենի օրագիրը» սերիալի ժամանակ: Մեծ սիրով համաձայնեցի միանալ թիմին: Նկարահանումներն արդեն սկսել ենք: Հիմա մի փոքր ավելի խիտ է աշխատանքային գրաֆիկս, սակայն անհնարին ոչինչ չկա, երբ սիրում ես մասնագիտությունդ եւ պատասխանատու մարդ ես:

Վիրավորական չէ

Միշտ դժվարացել եմ պատասխանել հարցին՝ ավելի շատ մոդե՞լ եմ, թե՞ դերասանուհի: Երկուսն էլ սիրում եմ: Կախված առաջարկվող նախագծերից՝ զբաղվում եմ նրանով, ինչ ինձ դուր է գալիս: Տարբեր մարդիկ տարբեր են ընկալում ինձ. ոմանք՝ մոդել, մյուսները՝ դերասանուհի: «Սերիալային դերասանուհի» արտահայտությանն ուշադրություն չեմ դարձնում: Դա կոնկրետ բնորոշում է, եւ ինձ համար վիրավորական չի հնչում:

Համարձակություն

Այն շատ անհատական բնույթ ունի: Կախված կերպարից, առաջարկվող դերից՝ փորձում եմ եւ անում եմ առավելագույնը: Առօրյայում ինձ համար համարձակություն է լինել եւ խոսել անկեղծ՝ առանց երկերեսանիության: Հենց այդպիսին եմ: Հետին մտքով ոչինչ չեմ անում:

Ֆոտո եւ տեսախցիկի առջեւ մեկի համար համարձակ կարող է լինել բաց ոտք կամ թեւը: Ինձ համար ամեն ինչ կախված է նախագծից, ռեժիսորի կամ դիզայների ներկայացրած պահանջից: Հատուկ սահմանագիծ չկա. ամեն ինչ կախված է իրավիճակից, իմ զգացողություններից:

Ասեկոսեներ

Սուտ կլինի, եթե ասեմ, որ ասեկոսեներին ուշադրություն չեմ դարձրել, բայց դրանք ինձ չեն խոցել: Ես լսում, հաշվի եմ առնում իմ հարազատների եւ մտերիմների կարծիքը: Իսկ մյուսներին ուղղակի լսում եմ, բայց ընդունել կամ չընդունել՝ ուրիշ հարց է: Պարզապես հետաքրքիր է լսել: Որեւիցե վատ կարծիք ինձ չի խոցում:

Մոդելինգը Հայաստանում

Ցավոք, մեզ մոտ մոդելինգն ինչ-որ չափով լճացած վիճակում է: Հնարավոր է՝ այստեղ ապրողներին թվա՝ նորմալ է, բայց բավական է գնալ արտերկիր, ուսումնասիրել մոդելինգը, կհասկանան, որ այն այստեղ հազիվ է գոյատեւում: Խոսքը պրոֆեսիոնալ մոդելինգի մասին է: Ուղղակի նկարվելով մոդել չեն դառնում: Այն բարդ ու երկար ճանապարհ է ենթադրում՝ պոդիումի վրա քայլել սովորելուց մինչեւ զգեստը պատշաճ ներկայացնել:

Խոչընդոտների մասին

Շատ աղջիկների եմ ճանաչում, ովքեր գեղեցիկ կազմվածք ունեն: Առաջարկել եմ զբաղվել մոդելինգով, հրաժարվել են, քանի որ մարդիկ սխալ կընկալեն, չեն հասկանա: Շատերն անգամ ամաչում են: Հասարակության կարծիքն այնքան թյուր է, որ մարդիկ հնարավորություն, տվյալներ ունեն կարիերա ստեղծելու, սակայն չեն անում, բաց են թողնում հնարավորությունը: Հայաստանում մոդելինգին սխալ են վերաբերվում: Ինքս էլ բազմիցս բախվել եմ նման խնդիրների, բայց ուշադրություն չեմ դարձնում: Որպես պրոֆեսիոնալ՝ հասկանում եմ՝ որն է ճիշտ, եւ որը՝ սխալ: Խոչընդոտներից մեկը մարդկանց կարծիքն է, որը խանգարում է մոդելին պրոֆեսիոնալ զբաղվել իր աշխատանքով, պորտֆոլիոյով: Չէ՞ որ մարդիկ սխալ կընկալեն, կքննարկեն ու կքննադատեն: Սրանից բացի, մեզ մոտ հնարավորությունները սուղ են:

Անելյա Գուբրյանը