«Մուլտհերոսների կերպարների հագուստով երեխաներին էի ուրախացնում». Լիլիթ Սարգսյանը՝ 18 տարեկանից աշխատելու, առաջին աշխատանքի ու ծնողների վերաբերմունքի մասին

Երիտասարդ դերասանուհի Լիլիթ Սարգսյանի մասնակցությամբ «Ախթամար» հեռուստասերիալն օրերս է ավարտվել: Tert.am Life-ը Լիլիթի հետ զրուցել է 18 տարեկանից աշխատելու, առաջին աշխատանքի ու աշխատավարձի և աշխատելու կարևորության մասին:

Լիլիթի խոսքով՝ աշխատում է 18 տարեկանից: «Առաջին աշխատանքս մուլտհերոսների կերպարների հագուստով երեխաներին ուրախացնելն էր: Հստակ չեմ հիշում, բայց առաջին աշխատավարձս, երևի, 2 ժամվա համար 14.000 դրամն էր, նույնիսկ չեմ հիշում, թե այդ գումարն ինչի վրա եմ ծախսել: Հաստատ անիմաստ եմ ծախսել, ես գումարը միշտ անիմաստ եմ ծախսում: Սկզբում ծնողներս դեմ էին, որ աշխատեի, բայց հետո ընդունեցին որոշումս, քանի որ տեսակով համառ եմ: Ծնողներս միշտ դեմ են եղել իմ աշխատելուն ու միշտ ամեն ինչով ապահովել են ինձ, ես երբեք ոչնչի կարիք չեմ ունեցել: Ուղղակի տեսակով անկախ եմ, սիրում եմ ինքնուրույն ամեն ինչ անել ու նաև ֆինանսական կախվածություն չունենալ ոչ ոքից»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ այդ աշխատանքն արել է մի քանի ամիս: «Հետո որոշ ժամանակ չաշխատեցի ու սկսեցի նկարահանվել «Պատվից առավել» հեռուստասերիալում: Վաղ տարիքից աշխատելու դրական կողմերից մեկն այն է, որ հասկանում ես գումարն ինչպե՞ս ծախսել, տնօրինել, հասցնում ես ավելի շատ բան հասկանալ, աշխատասեր լինել: Աշխատանքը թույլ է տալիս ավելի շուտ կայանալ: Այն ինքնուրույնություն է տալիս, հիմա էլ իմ ծախսերն ինքնուրույն եմ հոգում: Վաղ տարիքից աշխատելու բացասական կողմերից է միայն, որ չես հասցնում շատ բաներ անել, որովհետև զբաղված ես լինում»,- նշեց նա:

Լիլիթը նկատեց, որ երբ կարողանում ես աշխատել, ծախսերդ ինքնուրույն հոգալ, կայանում ես ու կյանքի ցանկացած խնդրի փորձում ես քո լուծունը տալ: «Այդ դեպքում դիմացինի օգնությանը չես սպասում: Անկեղծ ասած, աշխատելուց երբեք չեմ հոգնել, բարդություններ էլ ամեն տեղ կան: Եթե կենտրոնանաս դրանց վրա, ոչինչ չի ստացվի: Պետք է համբերատար լուծումներ գտնել, իսկ լուծումներ միշտ կգտնվեն»,- ընդգծեց Լիլիթը:

Դերասանուհին շեշտեց, որ լավատես է, ինչը հաջողության հասնելու առաջին և կարևոր նախապայմանն է: «Այն օգնում է աշխատանքային խնդիրներն ավելի հեշտ հաղթահարել: Իմ սեփական փորձից եմ ասում՝ սուտ ու կեղծ լավատեսության մասին չէ խոսքը, այլ ներսի, սրտի, հոգու լավատեսության: Ես միշտ եմ այսպիսին եղել, բայց ասեմ, որ շրջապատից էլ է շատ բան կախված: Բոլորին խորհուրդ եմ տալիս մաքրել իրենց շրջապատից հոռետես ու կյանքի հանդեպ հավատ չունեցող տեսակներին, նրանք մեզ միշտ խանգարելու են: Նրանք միշտ ու բոլորիս կյանքում ժամանակ առ ժամանակ հայտնվում են: Ինձ համար նման մարդկանց մաքրելը բարդ չէ, որովհետև կողքիս պետք է միայն գաղափարակից մարդիկ լինեն»,- եզրափակեց նա: