Ինչո՞վ է օգտшկար պաշտպшնիչ դիմակի տակ բшրձր խոնավությունը

Պաշտպանիչ դիմակի տակ խոնավ միջավայրը կարող է շնչառական վիրուսներից լրացուցիչ պաշտպանություն ապահովել: Ինչպես հայտնում է Eurek Alert-ը, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դիմակի տակ խոնավության բարձր մակարդակը նվազեցնում է գրիպի ընթացքի ծանրությունը: Սա կարող է արդիական լինել նաեւ կորոնավիրուսի համար:

Գիտնականների խոսքով՝ խոնավության բարձր մակարդակը կարող է սահմանափակել վիրուսի տարածումը թոքերում` նպաստելով մուկոցիլիար քլիրենսին (ՄԿՔ)՝ պաշտպանական մեխանիզմ, որը թոքերից հեռացնում է լորձը եւ լորձի պոտենցիալ վնասակար մասնիկները: Խոնավության բարձր մակարդակը կարող է նաեւ ամրացնել իմունային պաշտպանությունը` ինտերֆերոնների արտադրության ավելացման հաշվին:

Ցույց է տրվել, որ խոնավության ցածր մակարդակը վատթարացնում է ինչպես ՄԿՔ-ն, այնպես էլ ինտերֆերոնի արձագանքը: Սա, ըստ երեւույթին, այն պատճառներից մեկն է, թե ինչու են մարդիկ չոր եւ ցուրտ եղանակին հիվանդանում:

Հետազոտության հեղինակները փորձարկել են դիմակների չորս տարածված տեսակ՝ N95 դիմակ, եռաշերտ մեկանգամյա օգտագործման վիրաբուժական դիմակ, երկշերտ բամբակյա եւ պոլիեսթերից դիմակ եւ խիտ բամբակյա դիմակ:

Հետազոտողները չափել են խոնավության մակարդակը՝ կամավորին ստիպելով շնչել հերմետիկ պողպատե տուփի մեջ: Երբ մարդն առանց դիմակի է եղել, արտաշնչված օդի ջրային գոլորշին լցրել է տուփը, ինչը հանգեցրել է ներսում խոնավության արագ ավելացմանը:

Երբ մարդը ցանկացած դիմակ է կրել, արկղի ներսում խոնավության կուտակումը զգալիորեն կրճատվել է այն բանի պատճառով, որ ջրային գոլորշու մեծ մասը մնացել է դիմակի մեջ՝ կոնդեսացվել է եւ կրկին շնչվել: Ավելի ցածր ջերմաստիճաններում բոլոր դիմակների խոնավեցնող ազդեցությունը զգալիորեն ուժեղացել է: Բոլոր ջերմաստիճաններում խիտ բամբակյա դիմակը հանգեցրել է խոնավության մակարդակի առավելագույն մեծացման։