Նրա գեղեցկությունը բացահայտվեց բազմաթիվ հեռուստադիտողների համար, երբ 2018-ին նա դարձավ «Միսս Հայուհի» գեղեցկության մրցույթի հաղթող, իսկ ավելի ուշ, երբ ներկայացավ Women’s Club-ում, պարզվեց` նա ոչ միայն գեղեցիկ է, այլեւ հումորով եւ տաղանդավոր:
NEWS.am STYLE-ի «20 փաստ հայտնիների մասին» խորագրում փորձել ենք պարզել ավելին մոդել, գեղեցկուհի Արենա Զեյնալյանի մասին:
Արենա, օրդ սկսվում է…
Սուրճով:
Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:
Առանց սուրճի. այն շատ կարեւոր դեր ունի իմ կյանքում (ծիծաղում է):
Կերակուր, որը տանել չես կարողանում:
Չկա այդպիսի կերակուր. ես շատ եմ սիրում փորձել նոր բաներ: Առհասարակ, բծախնդիր չեմ ուտելու հարցում, միայն կալորիաներն եմ հաշվում:
Հասակդ ու քաշդ:
Հասակս` 179 սմ, քաշս` 62 կգ:
Ամենալավ ու ամենավատ սովորություններդ:
Լավը` ինձ համար առաջնահերթ է առողջ ապրելակերպը, վատը` միշտ ուշանում եմ (ծիծաղում է): Բայց վերջին շրջանում փորձում եմ հնարավորինս չուշանալ:
Ամենասիրելի գիրքդ:
Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկոսը»:
Ինչպե՞ս են քեզ դիմում մտերիմներդ:
Արեն:
Ի՞նչ ֆոբիաներ ունես:
Արագությունից եմ շատ վախենում, բայց ինքս շատ արագ եմ վարում, իսկ ուրիշի արագ վարելուց սարսափում եմ (ծիծաղում է):
Ամենախենթ քայլը, որ երբեւէ արել ես:
Չեմ ասի (ծիծաղում է):
Ի՞նչը տանել չես կարողանում հարաբերություններում:
Կեղծավորությունը եւ նախանձը:
Օր, որը կցանկանայիր ջնջել քո կյանքից:
Չկան այդպիսի օրեր, ես դասեր եմ քաղել սխալներից, եւ եթե դրանք չլինեին, ես այնպիսին չէի լինի, ինչպիսին այսօր եմ:
Քո ականջակալներում հաճախ հնչում է…
Ռոք երաժշտություն:
Կյանքում ի՞նչ երբեք չես անի:
Դահուկասպորտով չեմ զբաղվի:
Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:
Վարորդական իրավունքս, շրթներկ եւ արեւային ակնոց:
Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:
Սպիտակը:
Միջադեպ, որը ստիպել է քեզ ամաչել կամ անհարմար զգալ, որը մինչ օրս հիշում ես:
Եղել են փոքրիկ միջադեպեր, օրինակ` ձեռք են մեկնել, որ բարեւեն, իսկ ես չեմ տեսել ու շրջանցել եմ, կամ` ծանոթ մարդ է մոտեցել, իսկ ես չեմ հիշել իրեն, որովհետեւ հիշողությունս շատ թույլ է, ու այդպես ստացվել է, որ տվյալ մարդը մոտ 30 րոպե իրեն է ներկայացրել (ծիծաղում է): Բայց ավելի շատ եղել են միջադեպեր, երբ մարդիկ են ստիպել, որ ես իրենց համար ամաչեմ, այնպիսի սխալ գործել, ինչի պատճառով ես դիմացինիս փոխարեն ինձ վատ եմ զգացել:
Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել/ինչից:
Սա շատ անձնական հարց է, բայց փորձեմ պատասխանել` մտերիմ մարդկանցիցս մեկի անպատասխանատու քայլից: Կան բաներ, որոնք ինձ համար շատ կարեւոր են կյանքում. պետք է կարողանալ լինել պատասխանատու, պահել խոստումը եւ այլն:
Արտաքինումդ ի՞նչն ես ամենից շատ սիրում:
Մինչ օրս արտաքինումս ոչինչ չեմ փոխել` անգամ մազերիս գույնը: Փառք Աստծո` գոհ եմ ամեն ինչից, սիրում եմ բնական գեղեցկությունը, բայց դա չեմ քարոզում մյուսների համար, որովհետեւ եթե տվյալ մարդն իրեն ավելի լավ կզգա արտաքինում ինչ-որ բան շտկելուց հետո, թող անի դա: Ինքս երբեք չեմ մտածել փոփոխությունների մասին, բայց եթե պիտի առանձնացնեմ միայն մեկ բան, կնշեմ բոյս, որովհետեւ տարբերվող է` երբ որեւէ տեղ եմ մտնում, միանգամից աչքի եմ ընկնում բարձր հասակով:
Ի՞նչը կփոխեիր արտաքինումդ:
Ոչինչ չեմ փոխի արտաքինումս, որովհետեւ ինչպես նշեցի` ինքս բնական գեղեցկությունը սիրում եմ ու կարծում` անգամ փոքրիկ թերությունները ավելի եզակի են դարձնում մարդուն:
Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:
Առհասարակ, շատ եմ հարգում ընկերության աստիճանները ու չեմ սիրում, երբ կյանքումդ հայտնվում են մարդիկ, որոնք տալիս են իրենց չվերաբերող հարցեր, օրինակ` անձնականից, երբ չես ուզում կիսվել տվյալ մարդու հետ: Հիմա շատ սովորական է դարձել` «Ե՞րբ ես ամուսնանում» հարցը, իսկ ամուսնացածներին հարցնում են` «Ե՞րբ եք երեխա ունենալու»… Իմ կարծիքով` կուլտուրայից դուրս է մարդուն նման հարցադրումներ անելը, որոնք, հատկապես, տարածված են հայերիս շրջանում: