Ավագ սերժանտ Դանիելյանը ոչնչացրել է գնդապետի կոչումով բարձրաստիճան սպայի՝ առգրավելով կարևոր փաստաթղթեր ու ռադիոկապ․ ՊԲ

ՊԲ-ն ներկայացրել է հերթական մերօրյա հերոսներին։

Կոլեկտիվ ու անհատական հերոսության դրվագներ են կերտել շարքայիններ Գոռ Հովհաննիսյանը, Վարդգես Ալոյանը, Պետիկ Հունանյանը, Ռաֆայել Կարապետյանը, Հայկ Դարբինյանը, սերժանտ Վահե Սահակյանն ու ավագ սերժանտ Մհեր Դանիելյանը: Տղաները, ավագ սերժանտ Մհեր Դանիելյանի հրամանատարությամբ, հերոսաբար մարտնչել են հարձակման անցած հակառակորդի գերազանցող ուժերի դեմ՝ պատճառելով բազմաթիվ կորուստներ: Ոչնչացված թշնամական ուժերի շարքում եղել է նաև գնդապետի կոչումով բարձրաստիճան սպա, որին անձամբ ոչնչացրել է ավագ սերժանտ Դանիելյանը՝ առգրավելով կարևոր փաստաթղթեր ու ռադիոկապ: Նշված տղաները բոլորն էլ ներկայացվել են պետական բարձր պարգևների և շուտով կստանան «Արիության համար» մեդալներ, իսկ շարքային Գոռ Հովհաննիսյանը ներկայացվել է «Մարտական խաչ»-ի ասպետության 2-րդ աստիճանի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 17-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։