«Չեմ կարող ինչ-որ մեկին պարտադրել ինչ-որ բան անել». Անելյա Գուբրյանը` այլևս «Խաբկանք»-ում չնկարահանվելու մասին

Անելյա Գուբրյանը, ով այս շրջանում նկարահանվում էր «Խաբկանք» հեռուստասերիալում, մի քանի օր է՝ եթերում չէ: Անատի Սաքանյանի կերպարը, որը, ըստ սցենարի, Անելյայի հերոսուհու ընկերուհին է, ևս վերջին օրերին եթերում չէ: Սա քննարկումների տեղիք է տվել, որ Անելյան և Անատին դուրս են եկել նախագծից:

Թեև ավելի վաղ Անելյան Tert.am Life-ին ասել էր, որ համաձայնել է նկարահանվել նախագծում, քանի որ սցենարիստն Անուշիկ Պետրոսյանն է, պարզվեց՝ նա ինքը չի նկարահանվում սցենարի պատճառով: Հետագայում կնկարահանվի՞, թե՞ ոչ, դժվարացավ հստակ պատասխանել:

«Սցենարով պայմանավորված է ստացվել, որ ներկա պահին չեմ նկարահանվում: Սկզբնական շրջանում այսպես չէինք պայմանավորվել, բայց կորոնավիրուսով և այլ իրադարձություններով պայմանավորված շատ բան փոխվեց: Ի սկզբանե ուրիշ բան էինք խոսել, հետո փոփոխություններ եղան: Ամեն ինչ նորմալ է, ո՛չ դերասանների, ո՛չ սցենարիստի հետ խնդիր չունեմ,-ասաց նա` չկոնկրետացնելով, թե ով է եղել այս պահին համագործակցությունը դադարեցնելու որոշում կայացնողը: -Սցենարիստի հետ խոսել եմ ու հասկացել ենք իրար, չեմ կարող ինչ-որ մեկին պարտադրել ինչ-որ բան անել: Կերպարը համագործակցում է ուրիշ կերպարի հետ, բայց ինձ հետ համագործակցող կերպարներն այլ կերպարների հետ են, բնականաբար, փոխվում է իմ կերպարային գիծը»:

Զրույցի վերջում Անելյան հավելեց, որ  հիմա այլ նախագծով է զբաղված, շուտով կսկսվեն «Քավարան» հեռուստասերիալի ամերիկյան տարբերակի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, որում ինքն ընդգրկված է: