«Պատրաստ եմ նկարահանվել նաև բաց տեսարաններում». Ժաննա Վելիցյանը` «Սիրուն Սոնա»-ի ավարտի և Մհեր Մկրտչյանի հետ համագործակցության մասին

Դերասանուհի Ժաննա Վելիցյանը «Սիրուն Սոնա» հեռուստասերիալի ավարտից հետո պարապուրդի չի մատնվել. նա նկարահանվում է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում:

Tert.am Life-ի հետ զրույցում Ժաննան ասաց, որ քանի որ «Սիրուն Սոնա»-ն երկար ժամանակ եթերում էր, հնարավոր է` կարոտի իր կերպարին`Մարիամին:

Խոսելով Մհեր Մկրտչյանի հետ համագործակցության մասին`Ժաննան նշեց, որ դերի համար ընտրվել է քաստինգի միջոցով:

«Պարոն Մկրտչյանն անցկացնում էր նոր գեղարվեստական ֆիլմի քաստինգ և ինձ նույնպես հրավիրել էր մի դերի համար: Մասնակցեցի և ընտրվեցի: Հրաշալի նկարահանման օրեր ենք ունեցել,-ասաց նա և ընդգծեց`իր համար կարևոր է, որ սիրի այն կերպարը, ում մարմնավորում է: -Եթե չսիրեմ կերպարս, կարծում եմ, ոչինչ չի ստացվի ինձ մոտ, իսկ դերի առաջնային ու երկրորդական լինելը բացարձակ չեմ կարևորում»:

Դերասանուհին իր առջև մասնագիտական սահմանափակումներ չի դնում. «Լավ սցենարի և պրոֆեսիոնալ աշխատանքի  դեպքում պատրաստ եմ նկարահանվել նաև բաց տեսարաններում:

Ըստ դերասանուհու`թեև նկարահանվում է սերիալներում և ֆիլմերում, իրեն թատրոնի դերասանուհի է համարում. «Չեմ հավատում, որ դերասանը կարող է այնքան զբաղված լինել, որ թատրոնի համար ժամանակ չունենա: Կարևորը ցանկությունն է, ժամանակ միշտ կգտնվի: Չեմ կարծում, որ երբևէ երկընտրանքի առջև կկանգնեմ, բայց, եթե հանկարծ կանգնեմ սերիալ-թատրոն ընտրության առջև, թատրոնը կլինի առաջին տեղում»:

Անդրադառնալով անձնական կյանքին`Ժաննան ասաց, որ իդեալներ չունի: «Պարզապես կուզեմ, որ կողքիս իսկական ջենթլմեն լինի: Կարող եմ նաև ասել, որ հակառակ սեռի մեջ  ինձ գրավում է հումորը, ազնվությունը, բարությունը, իսկ վանում` գոռոզությունը, փնթիությունը, ցինիզմը»,-ասաց նա` չբացահայտելով սիրտն ազա՞տ է, թե՞ ոչ: