«Ունեմ ավստրալական շոու բիզնեսում հաստատվելու հնարավորություն, որը պիտի ճիշտ օգտագործեմ». Մաշա Մնջոյան

Երգչուհի Մաշա Մնջոյանը, ով «Հայաստանի ձայնը» նախագծի առաջին հաղթողն էր, ուժերը փորձեց նաև «Ավստրալիայի ձայնում» և հասավ մինչև կիսաեզրափակիչ:

Երգչուհին Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է ավստրալական շոու բիզնեսում հաստատվելու հնարավորության և մինչև կիսաեզրափակիչ հասնելու կարևորության մասին՝ վստահեցնելով, որ եզրափակիչ չանցնելու փաստից չի սրտնեղել:

«Ես չեմ համարում, որ չհասա եզրափակիչ, համարում եմ, որ հասա մինչև կիսաեզրափակիչ դա շատ մեծ բան է: Այնքան տաղանդավոր մասնակիցների կային, եթերում երևացին ամեն թիմի 16 մասնակիցը, սակայն մինչև այդ էլ 5000-ից ավելի մասնակից կար, որոնցից ես, փաստորեն, հասա թոփ 8: Ես դրա համար շատ ուրախ եմ: Տխրելու ոչ մի իմաստ չեմ գտնում»,- ասաց նա:

Երգչուհին շեշտեց, որ յուրաքանչյուր փուլը՝ սկսած կույր լսումներից համարում է հաղթանակ. «Ես կարողացա Հայաստանից դուրս ևս ինձ դրսևորել, լսելի լինել ոչ միայն իմ ձայնով, ավելի ասելիքով: Մենք մեզ բացահայտում ենք նաև մեզ որպես արտիստ: Այնտեղ, որտեղ ես հիմա եմ, իմ երազանք-նպատակներից էր, որին հասել եմ»:

Մաշան կարևորում է այն փաստը, որ իրեն, որպես արտիստ, դրսևորելու հնարավորություն է ունեցել. «Ունեցել եմ շատ գունեղ, մեկը մեկից տարբեր ու պայծառ համարներ: Շատ ուրախ եմ, որ իմ ելույթները ոգևորեցին ոչ միայն Ավստրալիայում ապրող հայերին, ոչ միայն ավստրալացիներին, այլև Հայաստանում ապրող հայերենին: Ես շատ ուրախ եմ, որ կարողացա մարդկանց մի փոքր շեղել առօրյա կյանքից և ինչ-որ ոգևորություն մատուցել»:

Ըստ երգչուհու՝ անկախ իր փորձից՝ հուզվում է ամեն բեմելից առաջ. «Որքան էլ փորձ ունենամ, բեմելից առաջ միշտ կհուզվեմ: Ինձ համար դա շատ բնական է, եթե մի օր չհուզվեմ, կհամարեմ, որ այդ օրը ելույթս չի ստացվել»:

«Ավստրալիայի ձայնում» Մաշան երգեց նաև հայերեն հատված, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց հենց հայերի շրջանում: «Հայերեն երգելը միայն իմ մտահղացումը չէր: Սկզբում մտածեցի իմ առաջարկը, գուցե, ագրեսիվ թվա նրանց, մտածեն՝ հերիք չէ, այստեղ է, մի բան էլ ուզում է հայերեն երգել, սակայն շատ մեծ ուրախությամբ ընդունեցին միտքն ու սատարեցին ինձ: Շատ ոգևորված էին այդ փաստով: Նրանք են թարգմանել երգի բառերը, որպեսզի բոլոր կանոններին համապատասխան լինի: Այս տարի հնարավորություն կար, որ մասնակիցն ընտրի իր երգը: Դրանից հետո ես ցանկացա երգել ավստրալական ազգային արտիստի հայտնի երգ: Դա ևս ոգևորությամբ ընդունվեց: Կարծում եմ՝ ճիշտ հերթականություն էր»,- ասաց երգչուհին:

Մաշան ավստրալական շոու բիզնեսում հաստատվելու ցանկություն ունի: «Տեղական շոու բիզնեսում հաստատվելու հնարավորություն ունեմ: Մի գործն ավարտին հասցնելուց հետո կանցնեմ մյուսին: Հիմա հնարավորություն ունեմ, որը պիտի ճիշտ օգտագործեմ: Շատ բարձր նշաձողից եմ սկսում այստեղի գործունեությունս: Վստահ եմ, եթե այս ամբողջ աշխարհում տիրող այս իրավիճակը հանդարտվի, կարող եմ մեծ համերգների մասնակցել, գործունեությունս հաստատել»,- եզրափակեց երգչուհին: