Լիա Զախարյանի և Սարգիս Եղիազարյանի ընտանիքը` երգչի նոր տեսահոլովակում. ինչպես են անցել նկարահանումները

Երգիչ Սարգիս Եղիազարյանի համար ամառը հագեցած կլինի պրեմիերաներով: Tert.am Life -ի հետ զրույցում Սարգիսն ասաց, որ վաղը կկայանա իր և Քրիստինե Պեպելյանի զուգերգի` «Սեր իմ» տեսահոլովակի պրեմիերան, իսկ մոտ մեկ ամսից կներկայացնի «Իմ գարուն» երգի տեսահոլովակը, որն արդեն նկարահանել է։

Երգի երաժշտության հեղինակը Սարգիսն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումն արել է Գուրո Գասպարյանը. «Երգը տղա երեխայի ծննդյան օրվա մասին է, ռիթմիկ երգ է,- ասաց նա և հավելեց, որ հոլովակում երեխային մարմնավորում է իր ընկերներից մեկի երեխան, նախատեսել էինք տեսահոլովակը նկարահանել երկու օր, բայց նկարահանումները մեկ օրում վերջացրինք, քանի որ երեխան իրեն շատ լավ պահեց: Երեխայի ծնողները նկարահանման հրապարակում էին և շատ էին օգնում, որպեսզի բալիկը չլացի»:

Երեխայի հայրիկի դերում Սարգիսն է, մայրիկի դերում` դերասանուհի Լիա Զախարյանը. «Լիայի հետ առաջին անգամ եմ համագործակցում, ինչի համար շատ ուրախ եմ, տաղանդավոր դերասանուհի է: Նրան ես և հոլովակի ռեժիսորը` Կարեն Ամյանն ենք ընտրել, քանի որ հոլովակի համար երիտասարդ ու դրական աղջիկ էր պետք: Նկարահանել ենք երիտասարդ ընտանիքի ուրախ առօրյան: Նկարահանումները տեղի են ունեցել հիմնականում առանձնատանը»:

Անդրադառնալով նկարահանումների ընթացքում տեղի ունեցած զվարճալի դեպքերին` Սարգիսը նշեց, որ այդպիսիք շատ են եղել, բայց կոնկրետ առանձնացնել դճվարացավ. «Մենք շատ էինք հոգնել, չէինք սպասում, որ այդքան շոգ կլինի, բայց նկարահանման ուրախ ընթացքը օգնեց, որ ամեն ինչ հասցնենք»: