«Առողջական խնդրի պատճառով տարեցտարի գիրանում էի, բայց կարողացա փոխել դա». Սյուզաննա Մելքոնյանը 12 կգ նիհարել է

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը վերջին երեք ամսվա ընթացքում 12 կգ նիհարել է: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչ հոգեբանական բարդույթներ է ունեցել մինչև այդ, ինչպես է կայացրել նիհարելու որոշումը, ինչ սննդակարգով է սնվում և ինչպես է մարզվում:

Տարեցտարի գիրանում էի

4-5 տարի տևեց, մինչև կարողացա կայացնել նիհարելու որոշումը: 2016 թվականին ես ունեցա առողջական խնդիրներ, որոնց պատճառով առաջացան հոգեբանական խնդիրներ: Առողջական խնդրի պատճառով տարեցտարի գիրանում էի: Երբ համաճարակը տարածվեց և հայտարարվեց արտակարգ դրություն, հասկացա` իմ ոլորտը դեռ երկար ժամանակ չի գործի: Որոշեցի ազատ ժամանակս ճիշտ օգտագործել, խորհել ու հաղթահարել հոգեբանական բոլոր պատնեշները: Իհարկե կարող էի դիմել այնպիսի մասնագետի, ով մեկ ամսում ինձ 10 կգ կնիհարեցներ, բայց դա միայն կվնասեր իմ առողջությանը: Հեշտությամբ կորցրած քաշը միանգամից էլ կարող ես վերականգնել: Որոշեցի ինքս ուսումնասիրել իմ օրգանիզմն ու առանց հատուկ ծրագրերի նիհարել:

Նիհարելու հեգեբանական կողմը

Սկսեցի իմ շրջապատը բացասական մարդկանցից մաքրելուց, ինչը շատ բարդ էր: Շատ մարդիկ հիմա գուցե մտածում են, որ ես մեծամտածել եմ, բայց դա այդպես չէ: Շատ հաճելի է, երբ մաքրում ես բացասական էներգիան և թողնում միայն դրականը: Հետո նոթբուքիս մեջ գրեցի իմ նպատակները, առաջին տեղում նիհարելն էր: Ամեն անգամ նոթբուքս բացելիս հասկանում էի` եթե առաջին կետը չհաղթահարեմ, մնացածը նույնպես չեմ հաղթահարի: Այդ ընթացքում նայեցի ինձ հայելու մեջ ու հարց տվեցի` ի՞նչ է ինձ պետք, իսկ ինձ պետք էր ինքնավստահ բեմ դուրս գալ: Կողքից ինձ շատ էին ասում, որ պետք է նիհարեմ, բայց ես անընդհատ ամեն ինչ վաղվան էի թողնում: Շատ ժամանակ հետո հասկացա` չկա վաղը, կա միայն այսօր:

Առողջ սննդակարգին անցնելու փուլը

Սկզբում օրգանիզմս դժվարությամբ ադապտացավ առողջ սնունդին, քանի որ երկար ժամանակ անկանոն էի սնվել: Սկսեցի խիստ սննդակարգ, որը տևեց երկու շաբաթ: Հետո քիչ-քիչ թուլացրի խստությունը և հիմա սնվում եմ ուղղակի ճիշտ ժամային գրաֆիկով: Սկզբում ես էլ, բոլոր աղջիկների պես, ընկնում էի կգ-ների հետևից, հետո հասկացա, որ կարևորը ոչ թե քաշն է, այլ ֆիզիկական տեսքը: Կարևոր է, թե ինչքանով ես ձիգ և մարզված: 3 ամիս է, ինչ սկսել եմ սնվել հատուկ սննդակարգով և մարզվում եմ: Նիհարել եմ 12 կգ: Իմ լուսանկարները չեմ ֆոտոշոփում: Կարող եմ փոխել միայն լուսանկարի ֆիլտրերը, մարմինս իրականությանը չհամապատասխանող ֆորմատով չեմ փոփոխում, ինքնախաբեությամբ չեմ զբաղվում:

Նիհարել եմ այս սննդակարգով

Ամեն ինչ պատրաստում եմ իմ ձեռքով և մեծ բավականություն եմ ստանում այդ գործընթացից: Սնվում եմ օրական 4-5 անգամ: Առավոտյան արթնանալուց հետո խմում եմ կես լիտր ջուր, որից քսան րոպե հետո նախաճաշում եմ:

Առավոտյան ուտում եմ կամ անյուղ կաթնաշոռ և նուշ, կամ դառը շոկոլադ և մեղր: Երկու դեպքում էլ խմում եմ նաև սուրճ:

Դրանից երկու ժամ հետո`մինչև հիմնական ճաշը, խմում եմ սմուզիներ, որը համարվում է առաջին ճաշը: Սմուզիները պատրաստում եմ հիմնականում ցիտրուսային մրգերից` առանց շաքարային հավելումների: Թուրինջի հետ խառնում եմ մի փոքր ջուր և կիվի, կամ նարինջ. շատ համեղ է ստացվում: Պատրաստում եմ նաև անյուղ մածունով, կանաչիներով և վարունգով սմուզի: Եթե սմուզի չեմ օգտագործում, դրա փոխարեն մինչև ճաշը ուտում եմ մեկ նարինջ կամ մի քանի ելակ` ըստ ցանկության: Սմուզիից 40 րոպե հետո իմ հիմնական ճաշի ժամն է:

Ուտում եմ կամ հավի կրծքամիս, կամ տավարի անյուղ միս, կամ իշխան, սիգա ձուկ` պարտադիր աղցանով:

Վերջին անգամ ուտում եմ քնելուց 4-5 ժամ առաջ, իսկ քնում եմ ոչ ուշ, քան ժամը 1:00-ն: Ընթրիքը լինում է կամ թեթև բանջարեղենային աղցանի, կամ կեֆիրի տեսքով:

Աղջիկների համար մի փոքր բարդ է ցիկլի օրերին, բայց դրան էլ լուծում կա: Այդ օրերին կարելի է սնվել ցերեկային ժամերին ևս մեկ անգամ, որպեսզի էներգիա ունենանք: Այն մարդիկ, ովքեր զգում են էներգիայի պակաս, երբեմն կարող են առավոտյան մեկ բանան օգտագործել, բայց պարտադիր մարզումներից առաջ:

Բեռնաթափում

Մարդը չի կարող անընդհատ նույն սնունդով սնվել: Ամսվա մեջ երկու անգամ կարելի է ուտել այնպիսի սնունդ, որը չկա սննդակարգում: Դա կարող է լինել թե՛ խմորեղեն, թե՛ խորոված, բայց դրան հաջորդող օրը պետք է լինի բեռնաթափման օր: Բեռնաթափում անում եմ սմուզիների միջոցով: Մեկ օրվա ընթացքում խմում եմ վեց անգամ կես լիտրով, այսինքն` ընդհանուր 3 լիտր:

Մարզումները շատ կարևոր են

Ինձ շատ օգնեցին ինձ ծանոթ մարզիչները: Նրանց խորհուրդների միջոցով կազմեցի իմ մարզումների գրաֆիկը: Մարզվում եմ շաբաթական 3-4 անգամ` 1-1,5 ժամով: Սկզբնական շրջանում պարտադիր մարզչի հսկողությամբ էի մարզվում, հիմա պատահում է, որ մենակ էլ մարզվեմ, քանի որ արդեն գիտեմ, թե իմ օրգանիզմին ինչ մարզումներ են պետք: Առավոտյան չեմ վազում և չեմ մարզվում, որովհետև չեմ կարող իմ քնի հաշվին մարզվել: Քանի որ հիմա շոգ է, մարզվում եմ բացօթյա տարածքներում` հիմնականում Մարզահամերգային համալիրի տարածքում: Շատերն են ինձ ասում, որ աշխատանքի, առօրյայի հետ չեն կարողանում համատեղել մարզումները, բայց նա, ով չի ուզում, փնտրում է պատճառներ, նա, ով ուզում է, փնտրում է միջոցներ: Այնպես որ, ցանկացած պարագայում կարելի է գտնել տարբերակներ: Եթե մարդը մարզասրահ հաճախելու հնարավորություն չունի, կարող է համացանցում տեղադրված հոլովակների միջոցով ճիշտ մարզվել

Խորհուրդներ

Ամենակարևորը` շատ հեղուկ օգտագործելն է, որի օրական չափաբաժինը տատանվում է 2-3 լիտրի սահմաններում` ուտելուց կես ժամ առաջ և մեկ ժամ հետո: Ես առաջ 2 լիտրից ավելի չէի կարողանում ջուր խմել, բայց հիմա 3 լիտր խմում եմ: Այն մարդիկ, ովքեր ճարպի խնդիր ունեն, պետք է բացառեն աղը: Ովքեր ունեն ցածր ճնշման խնդիր, իսկ ես ունեմ, կարող են դառը շոկոլադ կամ մաքուր մեղր ուտել մինչև առավոտյան ժամը 12:00-ը: