Ամռանն ընդառաջ ավելորդ քաշից ազատվելու մասին շատերն են երազում, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են տարատեսակ սննդակարգեր ու վարժությունների համալիրներ՝ հնարավորինս շուտ ցանկալի արդյունքին հասնելու համար: Սակայն հաճախ այդ սննդակարգերը կողմնակի բարդություններ են առաջացնում, իսկ կորցրած կիլոգրամները շատ արագ վերադառնում են:
Նման խնդիրներից խուսափելու համար սննդաբան Լորա Ֆիլիպովան ներկայացրել է այն պարզ կանոնները, որոնք թույլ կտան կարճ ժամանակահատվածում կարգի բերել կազմվածքն ու միաժամանակ վնաս չհասցնել օրգանիզմին:
Մասնագետի խոսքով՝ ճիշտ նիհարելու առաջին նախապայմանը նախաճաշի մասին չմոռանալն է: «Թվում է՝ բոլորն էլ գիտեն առողջ սննդակարգում դրա կարևորության ու անհրաժեշտության մասին, սակայն այսօր ես մի աղջկանից լսել եմ հետևյալ արտահայտությունը. «Նախաճաշի փոխարեն ես սպիտակուցային կոկտեյլ եմ օգտագործում»: Սիրելինե՛րս, ձեզ համար ավելորդ բարդություններ, փորձություններ ու զոհեր մի ստեղծեք», — նշում է սննդաբանը:
Ինչպես ընդգծում է Ֆիլիպովան, նիհարելու և առողջությանը վնաս չհասցնելու համար հարկավոր է չմոռանալ երեք պարզ սկզբունքի մասին: Դրանք են.
- սնվել օրական երեք անգամ և ևս երկու անգամ սաստիկ քաղցի դեպքում որևէ թեթև բան ուտել,
- առավոտյան օգտագործել բարդ ածխաջրերով հարուստ սնունդ, իսկ երեկոյան նախապատվությունը տալ սպիտակուցային մթերքին ու բանջարեղենին,
- վերահսկողության տակ պահել օգտագործվող սննդի քանակը:
«Այս երեք պարզ կանոնի ներդրումն առօրյայում արդեն իսկ կտա առաջին արդյունքները քաշի կարգավորման հարցում», — վստահ է սննդաբանը:
Նյութի աղբյուրը՝ med2.ru