Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը ներկայացել է Արտյոմ Բաղդասարյանի «Հին նոր» գեղարվեստական ֆիլմում, որը նախատեսված է ներկայացնել մի շարք փառատոնների։
Tert.am Life֊ի հետ զրույցում Սաթենիկը խոսել է ֆիլմում կենտրոնական կերպար մարմնավորելու, գեղարվեստական ֆիլմերի և փառատոնների մասին։
«Ֆիլմի հերոսուհին, որին ես եմ մարմնավորել, մեծ խնդրի առաջ է կանգնած՝ գնալ առաջընթացի հետևի՞ց, թե՞ փորձել պահպանել պապական ավանդույթները։ Այս մասին հուշում է նաև ֆիլմի անվանումը՝ «Հին նոր»։ Խնդիրն այն է, որ, ընտրելով մեկը, կորցնում ես մյուսը,֊ասաց Սաթենիկը ու հացելեց,- ռեժիսորը շատ երկար էր փնտրում այդ կերպարի հերոսուհուն: Սկզբում ինձ փորձեցին այլ կերպարի համար: Քասթինգին մասնակցում էին երկու դերասանուհի` մոր և լրագրողի դերերի համար։ Ռեժիսորը հերթով փորձում էր ապագա ֆիլմից ընտրած մի տեսարան, ես խաղացի այդ տեսարանը լրագրողի կերպարով։ Արդեն տուն էի գնում, հաջորդ դերասանական զույգից մոր կերպարի համար քասթինգին հրավիրված դերասանուհին ուշանում էր, և ռեժիսերը խնդրեց ինձ փորձել նաև մոր կերպարը։ Փորձից մի քանի օր անց ռեժիսորն ասաց, որ ես մարմնավորելու եմ ոչ թե լրագրողի, այլ մոր կերպարը»։
Դերասանուհու հերոսուհին կանգնում է բարդ ընտրության առաջ, որը որոշիչ է իր երեխայի ապագայի համար։ «Ռեժիսորները հիմնականում ինձ հրավիրում են ժամանակակից կանանց կերպարներ կերտելու համար։ «Հին Նոր» ֆիլմում կերտած կերպարս գյուղացի կին է՝ երեք երեխայի մայր, չխնամված, միևնույն ժամանակ, շատ կանացի։ Կերպարի համար անգամ փոխեցի իմ մազերի գույնը,֊ասաց Սաթենիկն ու, զուգահեռներ անցկացնելով իր և կերպարի միջև, հավելեց,֊ Ես էլ մայր եմ և անհանգստանում եմ իմ երեխաների ապագայի համար»։
Անդրադառնալով ֆիլմի նախապատրաստական աշխատանքներին՝ Սաթենիկը նշեց, որ երկար ու քրտնաջան աշխատանք են տարել։
«Ֆրանսիայից հրավիրել էին դերասանական վարպետության մասնագետ էդմոնդ Հաբեթյանին, որն աշխատում է Ֆրանսիայի լավագույն դերասանների հետ։ Մենք ամիսներ շարունակ շատ դժվար և քրտնաջան աշխատանք ենք տարել մինչև հասել ենք հնարավորինս օրգանիկ խաղի»,֊նշեց դերասանուհին:
«Հին նոր» ֆիլմը փառատոնային է։ Սա Սաթենիկի առաջին փառատոնային ֆիլմը չէ։ Դերասանուհին 2018 թվականին մասնակցել է Կաննի կինոփառատոնին, որտեղ ներկայացրել են «Իններորդ ալիք-Այվազովսկին» ֆիլմը։
«Ես պլանավորում էի այս տարի ևս մասնակցել Կաննին, բայց համաճարակը թելադրում է իր կանոնները։ Գիտեմ, որ այս ֆիլմը մասնակցելու է մի շարք հեղինակավոր փառատոնների, բայց ես ոչ մի փառատոնի անուն չեմ կարող տալ։ Երևի, այնուամենայնիվ, այս տարի փառատոններն օնլայն տաբերակով կանցնեն»,֊ասաց Սաթենիկը։
Դերասանուհու խոսքով՝ գեղարվեստական ֆիլմում և թատրոնում աշխատելն անհամեմատելի հաճույք են իր համար։
«Ամիսներ շարունակ ստեղծակագործական մեծ խմբի հետ ստեղծում ես արվեստի գործ, որտեղ ամեն մանրուք մտածված է: Որպեսզի ավելի պատկերավոր լինի, կասեմ, որ սերիալը նման է ամենօրյա ինստագրամյան սելֆիներին, իսկ գեղարվեստական ֆիլմը գեղանկար է՝ արված յուղաներկով կտավի վրա»,֊նշեց դերասանուհին։