«Վատ չէր լինի` ասպետս վերջապես հասներ տուն:)». Նազենի Հովհաննիսյան

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ իրավիճակը Հայաստանում փոխվել է: Դերասանուհի-հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի նոր գրառումն էլ այն մասին է, թե դրական եւ բացասական ինչ հետեւանքների կբերի այդ փոփոխությունը: Նազենիի մտորումները ներկայացնում ենք ստորեւ.



1. Պարզ է, որ թագավարակի պատճառով մեկուսացած ընտանիքներում մոտ ինն ամսից նոր սերունդ կհայտնվի:)

2. Մեկուսացած ընտանիքները նորից կսովորեն միանալ մի հարկի տակ, սիրել իրար, ճանաչել ու հանդուրժել իրար:
3. Երեխաները կսովորեն ամենաքաղցր ավանդույթը՝ նախաճաշել, ճաշել եւ ընթրել ընտանիքի հետ:

4. Դրսից պատվիրած ուտելիքի փոխարեն տնական, համեղ ուտեստներ կստեղծվեն, որոնք նորից կմիավորեն:

5. Ձեռքի նոր աշխատանքներ կծնվեն:
6. Մարդիկ կկարդան գրքեր:
7. Վերջապես յուրաքանչյուրն իր կիսատ ու վաղվան թողած տնային եւ առցանց գործերն ավարտին կհասցնի:
8. Մարդկանց միջեւ կվերականգնվի երկխոսությունը:
9. Կսրվի գիտակցությունը, որ պատասխանատու ես բոլորի համար, ուստի պետք է ազնիվ լինես նախ ինքդ քեզ հետ:
10. Ուզենք թե ոչ, բայց միմյանց քիթ հարկի-անհարկի մտնելու սովորության վերջն էլ կգա:

Դերասանուհին կարծում է՝ աշխարհն այս ամենից հետո հաստատ էլ չի լինի նույնը: Նրան միայն «շատ է տխրեցնում, որ.

1. Մենք նորից փնտրում ենք մի մեղավորի, կոնկրետ մեկին, որպեսզի ամբողջ մաղձը թափենք նրա վրա՝ «արդարացնելով» որոշում կայացնողների բացթողումը:
2. Նորից առիթ ենք գտնում քարկոծելու առանց այն էլ այսքան տարի մեր անհավատությամբ սասանված Հայոց եկեղեցին:
3. Ծաղրելու միմյանց:
4. Վերստին ցույց տալու, թե որքան անհանդուրժող ենք:
5. Թեթեւ ու որակով հումորի փոխարեն՝ գռեհկանալու:
6. Լարվածության ու ֆորսմաժորի պատճառով` անտեղի իրար նեղացնելու:
7. Անընդհատ քթներս ուրիշի կյանքի մեջ խրելով՝ լինի նրա օրվա գնումների քանակը, թե անձնական կյանքը:
8. Մեղադրում ենք բոլորին, կանանց` բոլորից շատ: Կանայք կանանց՝ ավելի շատ:
9. Կինն ավելի դաժան է ձաղկում խոսքով, զազրախոսությամբ կամ ատելությամբ:
10. Պառակտվելու միշտ պատրաստ ժողովրդին ոչ մի վիրուս էլ պետք չէ, պարզվում է… Բայց միշտ կա լույսն ու հավատը:

Վերջում՝ վիտամին C-ով կենաց.

Հ.Գ. Թող շատ, անասելի շատ սերեր ու ծնունդներ լինեն արդյունքում: Որ այս տարին չմնա չարի ու վատի նահանջ տարի, բայց դառնա սիրո եւ առաջադիմության տարի: Որ մենք ինքներս մեզ զարմացնենք՝ իրար հասկանալով ու հաշտվելով միմյանց հետ: Որ այս չարաբաստիկ թագավարակը բերի անհավանական մի իմունիտետ մեր ժողովրդին ու վերջապես ձեւավորի ազգային մտածողություն: Միասնական: Որ չանենք ի ցույց դնելու, այլ ավելի որակով կյանք ունենալու համար: Եվ վերջապես, որ բոլոր ապագա 16 տարեկաններին իրենց ծնողները պատմեն, թե ինչ դժվար, բայց եւ սիրով լի տարի էր այդ տարօրինակ 2020-ը:

Հ.Գ.Գ. Ու վատ չէր լինի, իհարկե, որեւէ սահման բաց մնար, որ սպիտակ, ախտահանած ձիով ասպետս վերջապես հասներ տուն:): Ես էլ եմ մարդ #վերջիվերջո❤»,-եզրափակել է Նազենին: