Երգչուհի Անի Քրիստին, ով վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում, օրերս նշել է ծննդյան 34֊ամյակը։ Տարեդարձի օրը երգչուհին անցկացրել է տանը, սակայն շատ ջերմ միջավայրում։
Tert.am Life-ի հետ զրույցում Անին պատմեց տարբերվող տարեդարձի, իր ամենամեծ նպատակներից մեկի ու մեծանալուն փիլիսոփայորեն մոտենալու մասին։
«Բոլոր տարեդարձներս եղել են հետաքրքիր ու անակնկալներով լի։ Այս տարի ոչ այնքան տպավորիչ տարեդարձ եմ ունեցել՝ պայմանավորված կորոնավիրուսային այս զարհուրելի իրավիճակով։ Իհարկե, ես էլ եմ փորձում թեթև վերաբերել դրան, բայց զգուշությունն առաջնային է։ Ամբողջ օրը տանից դուրս չեմ եկել։ Եղել եմ տնային հագուստով, իմ անկողնում՝ շունիկիս հետ։ Հայրիկս ընկերակցեց մեզ։ Սա էլ իր հետաքրքրությունն ուներ»,- ժպիտով ասաց Անին։
Երգչուհին նշեց, որ իրեն զարմացնում են այն մարդիկ, ովքեր տարեդարձի օրը տխրում են։
«Ինձ համար միշտ ամենաուրախ տոները եղել են Նոր տարին և իմ ծննդյան օրը։ Երբ Հայաստանում էի ապրում, տարեդարձս երեք օր էր տևում։ Եթե հին ժամանակներում հարսանիքների համար էին ասում յոթ օր, յոթ գիշեր, իմ դեպքում տարեդարձս էր այդքան տևում. առաջին օրը տանն էի լինում՝ բարեկամներիս ու հարազատներիս հետ, երկրորդ օրը՝ միայն հարևաններիս հետ էի տոնում, երրորդ օրը ռեստորանում տոնում էի ընկերներիս ու ծանոթներիս հետ։ Ես մեծանալու մտավախություն ես չեմ ունեցել՝ չունեի 20 տարեկանից հետո, չունեմ և հիմա», — նշեց երգչուհին։
Շատերին անհանգստացնում է ծերանալու, մեծանալու երևույթը, սակայն Անին այդ հարցին փորձում է փիլիսոփայորեն մոտենալ․ «Պապաս 70 տարեկան է։ Նա ինձ ամեն օր զարմացնում է, ես ամեն օր սովորում եմ նրանից։ Ծերանալու երևույթն ընկալելու համար իրենից շատ բան եմ վերցրել։ Մարդ պետք է գեղեցիկ ծերանա։ Գեղեցիկ ծերանալու մեջ մտնում է բարությունը, կամեցողությունը, չչարանալը։ Ծերանալու փոխարեն ես կընտրեմ հասունանալ բառը»։
Երգչուհու խոսքով՝ իր անձնագրային տարիքը բավականին տարբեր է հոգեբանական իրական տարիքից․ «Իմ անձնագրային տարիքը 34 է, բայց մի անգամ հոգեբանական թեստ անցա, արդյունքում ստացվեց, որ իմ հոգեբանական տարիքը 18 է։ Սա ինձ համար զարմանալի չէր։ Որպես կին, որպես աղջիկ, հայկական խոսքով ասած, հիմա ավելի «նստել» եմ, ինչը նորմալ է։ Տարիքի հետ մարդու խելքը շատանում է։ Սակայն այն աղջիկը, այն Անին, որն իմ մեջ է ծնվածս օրվանից, շարունակում է մնալ նույնը։ Եթե ես մեկ վայրկյան անգամ իմ մեջ այդ աղջկան կորցնեմ, ինձ մոտ մի բան «կփչանա»։ Չեմ ուզում այդպես լինի։ Դեռ փոքր տարիքից բավականին զգայում եմ, խորը, շուտ հուզվող, կարեկցող։ Մարդիկ մեծանալով ավելի երեխա են դառնում, ինձ մոտ հակառակն էր փոքր տարիքում. ես ունեի զգայական լայն դաշտ, որը հատուկ է ավելի մեծ տարիքի մարդկանց։ ԱՆկախ ամեն ինչից, ես գոհ եմ»։
Անին ասաց, որ իրեն ուրախացնում են տարեդարձի օրվա բոլոր բարեմաղթանքները, փորձում է բոլորին անհատապես պատասխանել․ «Տեսողական խնդիր չունեմ, բայց հիմա աչքերս ցավում են։ Չեմ չափազանցնում, երկուսուկես օր է, ինչ անդադար շնորհավորանքների եմ պատասխանում։ Փորձում եմ անմիջապես ու անհատապես պատասխանել բոլորին։ Ինձ ուրախացնում է յուրաքանչյուր շնորհավորանք։ Տարեդարձն ինձ համար բանաձև ունի. կողմնորոշում է՝ տարիքային որ հատվածում ես, ինչ ես անում և ուր պետք է գնաս։ Համենայն դեպս, այսպիսի փիլիսոփայական մոտեցում ունեմ»։
Խոսելով ցանկությունների ու նպատակների մասին՝ երգչուհին նշեց․ «Ցանկություն ունեմ Երևանում իմ անկյունը ստեղծել՝ տուն ունենալ։ Մենք տատիկի տուն ունենք, սակայն ես իմն եմ ուզում։ Ծրագրում եմ մեր մայրաքաղաքում տուն ձեռք բերել, որը կլինի այնպիսին, ինչպիսին ես եմ պատկերացնում, իսկ նորամուտը կանեմ տարեդարձիս օրը»։
Ինչ վերաբերում է չիրականացած ցանկություններին՝ Անին իր մոտեցումն ունի․ «Մարդ որքան ապրում է, այդքան իր սրտում ունի ցանկություններ։ Ցավոք, կան նպատակներ, որոնք իրագործելի չեն մինչև կյանքի վերջին րոպեները։ Ես շատ երազանքներ ու նպատակներ ունեմ, որոնք կարողացել եմ ինքնուրույն իրագործել՝ լինելով կին։ Անկատար ցանկություններ ունեմ, որոնք այդպիսին են, որովհերտև ուղղակի դեռ ժամանակը չէ։ Երազանքներն ու նպատակներն էլ տարիք ունեն։ Մայքլ Ջեքսոնի կյանքի մասին վավերագրական ֆիլմում բավականին հետաքրքիր դրվագներ կան։ Հայտնիների բեմական կյանքից այն կողմ մի կյանք կա, որը շատ տարբեր է բեմականից։ Մենք ավելի փոքր շրջանակի ստեղծագործող մարդիկ ենք, թվացյալ կյանք ունենք հանրության համար, բայց մեր իրական կյանքը շատ տարբեր է այն ամենից, ինչ մարդիկ տեսնում են էկրանից։ Երբեմն մարդկանց բախտն իրենցից առաջ է ընկնում, ինչն իրենց հաճախ վնասում է։ Եթե իմ կյանքում կան բաներ, որոնք դեռ չեն եղել, միայն ուրախ եմ դրա համար։ Գուցե իմ հոգեկան աշխարհը խախտվեր, եթե շատ դեպքեր իմ կյանքում ժամանակից շուտ տեղի ունենային»։