«Անձնական և ստեղծագործական երազանքներս կապված են՝ ուզում եմ իրար հետ ներդաշնակ լինեն»․ Տիրուհի Հակոբյանը՝ եթերային դադարի, ներկայիս զբաղվածության ու ցանկալի առաջարկի մասին

Երիտասարդ դերասանուհի Տիրուհի Հակոբյանը, ով հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Կարմիր բլուր» հեռուստասերիալից, այժմ հեռուստատեսային զբաղվածություն չունի, շարունակում է խաղալ Տիկնիկային թատրոնի բեմում։  Ըստ նրա՝ եթերային դադարը ժամանակավոր է, հետաքրքիր առաջարկի դեպքում պատրաստ է վերադառնալ նկարահանման հրապարակ։ Առայժմ Տիրուհին իր ազատ ժամանակը տրամադրում է ինքնակրթությանը։  

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսեց դադարի, թատրոնում զբաղվածության ու ցանկությունների մասին։

Տիրուհին շատ է կարևորում բեմում խաղալը, սիրով ու հատուկ ոգևորությամբ է խոսում թատրոնի մասին․ «Ինչպես Մհեր Մկրտչյանն էր ասում, թատրոնը դերասանի կինն է, կինոն՝ սիրուհին։ Ուր էլ գնաս, տուն ես վերադառնալու։ Ե՛վ թատրոնում, և՛ նկարահանման հրապարակում գտնվելն ինձ հաճելի է՝ շատ եմ սիրում նկարահանվել, անհամբեր սպասում եմ նոր առաջարկների, սակայն ես կարողանում եմ լիարժեք լինել, քանի կա թատրոնը»։

Չնայած դերասանուհին անհամբերությամբ է սպասում հաջորդ առաջարկին, այն կընդունի միայն, եթե իրեն հետաքրքրի․ «Ես պետք է «հիվանդանամ» դերով, այն պետք է շատ հետաքրքիր լինի ինձ համար։ Կապ չունի՝ դերս մե՞ծ է, թե՞ փոքր, այն ուղղակի պետք է դիպչի սրտիս։ Երևի, դերասանն ավելի շատ տալիս է, քան վերցնում. սիրո բանաձևի պես է՝ պետք է տաս և չսպասես պատասխանի»։

Հեռուստադիտողները Տիրուհուն տեսել են հուզական կերպարով։ Խոսելով իր համար սպասելի դերերի մասին՝ նա ասաց․ «Ցանկանում եմ Շեքսպիրի ողբերգություններում կանանց դերերից որևէ մեկը մարմնավորել։ Գուցե պարզունակ հնչի, բայց միշտ երազել եմ Ջուլիետ խաղալ։ Մեծանում եմ, կերպարի հույզերն էլ ինձ այդքան մոտ չեն, բայց այդ նման ցանկություն միշտ ունեմ։ Շատ եմ հետաքրքրվում պատմությամբ ու պատմական ֆիլմերով, կցանակնայի նաև նման ֆիլմում նկարահանվել»։

Դերասանուհին կարևորում է հեռուստասերիալում նկարահանվելու իր փորձը՝ նշելով, որ այն պետք է յուաքանչյուր դերասանի. «Ես ինձ բացահայտեցի, փորփրեցի էմոցիոնալ դաշտս, ձեռք բերեցի մասնագիտական նոր հմտություններ, ընկերներ։ Սերիալն ինձանից ոչինչ չի խլել, քանի որ ես ժամանակս հնարավորինս ճիշտ էի բաշխում»։

Դերասանուհու խոսքով՝ մասնագիտական դադարի ընթացքում իր մոտ փնտրտուքների շրջան է․ «Նոր ու հետաքրքիր ինչ-որ բան եմ ուզում, որտեղ կարող եմ ինձ ուրիշ տեանկյունից բացել, տեսնել։ Ե՛վ անձնական, և՛ մասնագիտական կյանքի միջոցով ուսումնասիրում եմ աշխարհը։ Կարծում եմ, սա անդադար, անվերջ, շարունակական ընթացք է, որը կյանք է կոչվում»։

Խոսելով ցանկությունների ու նպատակների մասին՝ նա ասաց․ «Տեղում չդոփելն իմ առաջնային նպատակներից է։ Երբեք շատ հեռուն չեմ պլանավորում։ Հայտնի ասացվածքը վստահեցնում է՝ ուզո՞ւմ ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր նրան քո ծրագրերի մասին։ Ուզում եմ շատ դերեր ու շատ սեր։ Անձնական և ստեղծագործական երազանքներս կապված են՝ ուզում եմ երկուսն իրար հետ ներդաշնակ լինեն»։