Ամերիկացի գիտնականները ներկայացրել են երիկամային անբավարարության հիմնական ախտանշանները

Երիկամային անբավարարությունը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ, քանի որ երիկամները մարդու ամենակարևոր օրգաններից են: Լուրջ բարդություններից խուսափելու համար մասնագետները հորդորում են ավելի զգոն լինել և անուշադրության չմատնել այս օրգանների աշխատանքի խանգարման մասին հուշող ախտանշանները, սակայն խնդիրն այն է, որ այդ ախտանշանները ոչ բոլորին են հայտնի, ուստի մարդիկ դրանք հաճախ վերագրում են այլ խնդիրներին: Ամերիկյան Health Line բժշկական կենտրոնի գիտնականները թվել են երիկամային անբավարարության հինգ հիմնական ախտանշանները, որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել խանգարումն ու միջոցներ ձեռնարկել:

Երիկամային անբավարարությունը երիկամների բոլոր գործառույթների խանգարման համախտանիշն է, որը հանգեցնում է փոխանակության տարբեր տեսակների խանգարման: Այս խնդիրը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, այդ թվում նաև հանգեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման, սեռական ցանկության նվազման, էրեկտիլ դիսֆունկցիայի, անպտղության և անգամ երիկամների անդառնալի վնասվածքների: Սա է պատճառը, որ արտասովոր ախտանշանների դեպքում հարկավոր է հնարավորինս շուտ դիմել մասնագետին:

Երիկամային անբավարարության մասին հուշող առաջին ախտանշաններից է այտուցների առկայությունն ու օրգանիզմում հեղուկի կուտակումը: Ընդ որում՝ այս ախտանշանները կարելի է նկատել ոչ միայն անզեն աչքով, այլև միզազատության նվազման շնորհիվ:

Այս խնդրի մյուս ախտանշանը մեզի քանակության ակնհայտ նվազումն է: Ընդ որում, այս դեպքում մարդը շարունակում է օգտագործել նույն քանակությամբ ջուր, ինչ և նախկինում:

Երիկամների հիմնական գործառույթներից մեկն արյան կարմիր բջիջների և հեմոգլոբինի արտադրությունն է, ուստի այս օրգանների դիսֆունկցիայի դեպքում կարող է զարգանալ անեմիա, որը կդրսևորվի անբացատրելի հոգնածությամբ կամ քնկոտությամբ:

Այս օրգանների վնասվածքների դեպքում օրգանիզմում բարձրանում է կալիումի մակարդակը, ինչը հանգեցնում է դրա կուտակման: Սա կարող է խիստ բացասաբար անդրադառնալ սրտի ռիթմի վրա և հանգեցնել առիթմիայի, ուստի հարկավոր է շատ զգոն լինել: Բացի այդ, անհրաժեշտ է մշտական վերահսկողության տակ պահել նաև զարկերակային ճնշումը, քանի որ դրա ցուցանիշների բարձրացումը հուշում է երիկամային անբավարարության բարձր հավանականության մասին:

Նյութի աղբյուրը՝ actualnews.org