«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի Հայաստանի պատվիրակ Մալենան գլխավորում է առցանց քվեարկությունը

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքն առցանց քվեարկություն է կազմակերպել, որում Հայաստանի պատվիրակ Մալենան առաջատար է։

Ըստ կայքի քվեարկության տվյալների Հայաստանի պատվիրակության մրցութային երգն այս պահին հավաքել է 3309 ձայն՝ գլխավորելով երգերի ցուցակը։ Երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդը՝ Ֆրանսիան է։

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթում Հայաստանի կներկայացնի 14-ամյա Մալենան՝ «Քամի-քամի» երգով։

https://www.youtube.com/watch?v=1RG_qhN4e3M&feature=emb_logo

Երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (tokionine), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան եւ Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսերն Անուշիկ Տեր-Ղուկասյանն է։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը։

«Ուրախ եմ, որ արդեն կարող եմ իմ երգն ու տեսահոլովակը ներկայացնել մրցույթի երկրպագուներին։ Մենք շատ երկար ենք աշխատել, ունեինք երգի մի քանի տարբերակ, բայց վերջում թե ես, թե մեր թիմն ընտրեցինք հենց այս երգը։ Այն շատ թրենդային է, պարային, բայց նաեւ ունի շատ կարեւոր ուղերձ. երբեք չհանձնվել եւ հիշել, որ միասին մենք կարող ենք հասնել ցանկացած բարձրունքի»,- ավելի վաղ նշել էր Մալենան։

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 19 երկիր։ Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։