Ինչպես եմ մանրացնում սխտորն առանց ճզմիչի ու որևէ հատուկ սարքի

Բազմաթիվ ուտեստներ հնարավոր չէ պատկերացնել առանց սխտրի օգտագործման: Սոուսներ, կոնսերվացիաներ, աղցաններ… այս ամենի գլխավոր բաղադրիչը հենց սխտորն է: Ու գրեթե բոլոր դեպքերում այն անհրաժեշտ է ճզմել:

Այս նպատակով գրեթե բոլորն օգտագործում են սխտոր ճզմիչ:

Իհարկե, սա հարմար է, բայց ոչ միշտ է լինում ձեռքի տակ: Վերջերս ծնողներիս ամառանոցում էինք, ու ես որոշեցի մսի համար սոուս պատրաստել, բայց հայտնաբերեցի, որ ճզմիչ չունենք:

Սկսեցի մտորել, թե ինչ կարելի է անել:

Կարող էի մանր կտրատել դանակով, բայց այդ դեպքում շատ ժամանակ կծախսեի: Նաև կարող էի քերիչ օգտագործել, բայց դա էլ չեմ սիրում, քանի որ շատ սխտոր է մնում սարքի վրա, ու հետո այն դժվար է լվանալ:

Սկսեցի այլ տարբերակ փնտրել: Ու գտա:

Ընդամենը մի քանի վայրկյան է պետք մի պճեղ ճզմելու համար:

Սկզբում պետք է սխտորի պճեղը պատառաքաղով սեղմել մի կողմից:

Շուռ տալ ու սեղմել մյուս կողմից:

Այդպես քիչ-քիչ առաջ գնալ: Իսկ երբ վերջում շատ փոքր կտոր մնա, ճզմել պատառաքաղով ու վերջ:

Հիմա տանն էլ եմ սկսել այս կերպ ճզմել այն, իսկ ճզմիչն ուղարկել եմ հեռու դարակը: