Նոյեմբերի 16-ին ՀՀ արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետեւանքով ծավալված մարտերի ընթացքում զոհված կրտսեր սերժանտ Արթուր Մարտիրոսյանը Լոռու մարզի Անտառամուտ համայնքից էր։
23–ամյա Արթուրը ժամկետային ծառայությունից հետո մեկնել էր արտագնա աշխատանքի, ապա վերադարձել ու աշխատանքի անցել որպես պայմանագրային զինծառայող։ Արթուր Մարտիրոսյանը 44–օրյա պատերազմի մասնակից էր։
«Ընտանիքը վատ պայմաններում է ապրում։ Ընտանիքին պահելու համար մտել էր պայմանագրային զինծառայող էր աշխատում։ Ապրում էր ծնողների ու եղբոր հետ, երկու քույր ունի, որոնք ամուսնացած են, ինքը տան փոքրն էր։ Արթուրը շատ ընտիր, ճարպիկ, խելոք, ամբողջ գյուղին հարեհաս տղա էր, իր մասին ամենալավն բաները կարող եմ ասել»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անտառամուտ համայնքի ղեկավար Արայիկ Գեւորգյանը։
Արթուրը մեկն է այն 24 զինծառայողներից, ում հետ կապը կորել էր մարտական գործողությունների ընթացքում։ Համայնքում հույս էին փայփայում, որ Արթուրը կգտնվի, տուն կվերադառնա, բայց քիչ առաջ՝ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ կարդացել են նաեւ իրենց համագյուղացու տվյալները։
Համայնքի ղեկավարի խոսքով, Արթուրը ծառայում էր Սյունիքում, այսօր էլ պիտի հերթապահությունից վերադառնար։ Արթուրի հետ ծնողների վերջին կապը եղել է մինչեւ ռազմական գործողությունների սկսելը։
«Արթուրը պատերազմում վիրավորվելուց հետո հիվանդանոց էր տեղափոխվել, բայց իր տեղը չէր գտնում։ Ուզում էր նորից գնալ կռիվ, բայց բժիշկները չէին թույլատրել, ինքն էլ փախել էր ու գնացել իր գումարտակի, ընկերների մոտ»,– մեզ հետ զրույցում պատմեց Արթուրի ընկերներից՝ Արտավազդը։
Ռուսական կողմի միջնորդությամբ եւ մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի եւ անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։