«Պապիկիս հայտնի լինելու գործոնը չկար, քասթինգի միջոցով ընտրվեցի». «Ծաղիկներ ձյան տակ» սերիալից Անահիտ Մսրյանը՝ իր առաջին դերի և պապիկի ամենամեծ խորհրդի մասին

Երիտասարդ դերասանուհի Անահիտ Մսրյանի համար «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալը դեբյուտային է: 23-ամյա դերասանուհին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դերասան Վլադիմիր Մսրյանի թոռնուհին է: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է հեռուստատեսային իր առաջին դերի, քասթինգի միջոցով արդար ընտրվելու, գործընկերների հետ հարաբերությունների մասին:

Անահիտն ավարտել է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը, Հակոբ Ղազանչյանի արվեստանոցը: «Ինստիտուտում ունեցել եմ հրաշալի դասախոսներ, որոնցից մեկը ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանն էր: Նրանից սովորել եմ ոչ միայն բեմական խոսք, այլևս կյանքի դասեր: Ուսանողական տարիներս լեցուն ու վառ են անցել, ես թատրոնի ու այս ամենի մեջ մանուց եմ, որովհետև պապիկս Վլադիմիր Մսրյանն է։ Մասնագիտությանս կողմնորոշման հարցում էլ նրա գործոնը կար: Հիշում եմ, երբ դպրոցում ներկայացում էինք բեմադրել, որտեղ նաև ես էի խաղում, պապիկս եկավ, նայեց, ինձ ոչինչ չասաց, բայց տատիկիս ասել էր՝ եթե ինքը ողջ չլինի, տատիկս այնպես անի, որ ես ընտրեմ դերասանուհու մասնագիտությանը: Ինձ վրա մեծ պատասխանատվություն է դրված, որովհետև թերի ներկայանալու իրավունք չունեմ»,- ասաց նա:

Վլադիմիր Մսրյանը մահացել է 2010 թվականին ՝ 72 տարեկանում: Անահիտն ընդգծեց, որ պապիկի հետ շատ կապված էր: «8-րդ դասարանում էի սովորում, երբ պապիկս մահացավ: Նրա հետ նույն տանն էինք ապրում, շատ մտերիմ էինք: Հիշում եմ, թե ինչպես էինք միասին գնում ներկայացումներ դիտելու: Ինձ շատ խորհուրդներ է տվել, բայց ամենամեծ խորհուրդը՝ յուրաքանչյուր պարագայում մարդ մնալը, փառքի հետևից չընկնելը, բնական լինելն է: Ասում էր՝ գերխաղ տալ պետք չէ, հանդիսատեսին բնական վիճակ կներկայացնես»,- պատմեց երիտասարդ դերասանուհին:

«Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում դերասանուհին ընտրվել է քասթինգի միջոցով: «Նախկինում քասթինգների մասնակցել եմ, բայց չեմ անցել, նկարահանվելու առաջարկներ չեմ ստացել: Այս անգամ մասնակցեցի ու հաստատվեցի, բայց կրկին համոզված չէի, որ կանցնեմ: Պապիկիս գործոնը չկար, քասթինգի միջոցով ընտրվեցի: Իհարկե, կողքից կարող են մտածել, որ պապիկիս անունը որևէ դեր է խաղացել, բայց ես պետք է ապացուցեմ, որ ոչ թե պապիկիս անունով եմ ընտրվել, այլ իմ»,- նշեց Անահիտը:

Դերասանուհու խոսքով՝ կերպարն իրեն բավականին նման է: «Նա զգացմունքային է, երազկոտ, թեև ես ավելի զգացմունքային եմ, իսկ կերպարս ինձնից զուսպ է, համակերպվող: Նկարահանումների առաջին օրը շատ հուզված էի, որովհետև հեռուստատեսային առաջին դերս էր: Շնորհակալ եմ հեռուստասերիալի պրոդյուսեր Ելենա Արշակյանին վստահության համար, մեր ռեժիսորը՝ Քաջայրը, ևս ինձ օգնում է, շատ ենք խոսում կերպարի մասին: Իմ հիմնական խաղընկերներից մեկը Նորայր Եղյանը, նույնպես օգնում է, խորհուրդներ տալիս, շատ ենք զրուցում մեր կերպարների մասին: Կերպարիս հետ կապված դեռ միայն լավ կարծիքներ եմ լսել, բայց ցանկացած կարծիք նորմալ եմ ընդունում, այնպես չէ, որ բացասական բնույթի մեկնաբանություններից վախենում եմ: Եթե կլինեն թերություններ, ես կընդունեմ դրանք և կփոխեմ»,- ընդգծեց նա:

Ի դեպ, Անահիտի կերպարի անունը ի սկզբանե Ամելի չպետք է լիներ, Ելենա Արշակյանը որոշել է կերպարին այդ անունը տալ Անահիտին տեսնելուց հետո։

Ըստ դերասանուհու՝ հիմա շատ բարդ է, որովհետև Թատերական ինստիտուտն ավարտում են շատ դերասաններ, բայց թատրոններում և հեռուստատեսությունում տեղերը սահմանափակ են: «Շատ շնորհալի դերասաններ ինքնադրսևորվելու հնարավորություն չեն ունենում: Սա իմ առաջին նախագիծն է, հուսով եմ՝ հետո էլ առաջարկներ կլինեն: Դժվարն առաջինն է, երբ ինչ-որ տեղում նկարահանվում ես, ռեժիսորները տեսնում են քեզ, ճանաչում: Թատերական ինստիտուտում կա դրա պակասը: Թատրոնի ռեժիսորները, կարծում եմ, պետք է գան, դիտեն դիպլոմային ներկայացումները, ընտրեն դերասանների: Կարծում եմ՝ չնայած բարդություններին՝ երազանքներ ունեցող մարդուն հաջողությունը մի օր կժպտա: Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը և շատ եմ ցանկանում խաղալ թատրոնում, իսկ այն, ինչ շատ ես ցանկանում, լինում է»,- ասաց նա:

Անահիտը պատմեց, որ բացի իր հիմնական մասնագիտությունը, շատ է սիրում երգել: «Նույնիսկ cover տարբերակով ձայնագրություններ ունեմ, բայց դեռ չեմ համարձակվում ներկայացնել: Գուցե մի օր համարձակություն հավաքեմ, տեղադրեմ տեսանյութերը, հատկապես, որ նկարահանվելուց հետո ինքնավստահությունս բարձրացել է: Քանի որ ինձ հնարավորություն տվեցին, ես հասկացա՝ մասնագիտությունս ճիշտ եմ ընտրել, ամեն ինչ ճիշտ տեղում է»,- եզրափակեց նա: