Որքա՞ն երկար է պшհպանվում կորոնավիրուսի նկшտմամբ իմпւնիտետը

Որքա՞ն երկար է պահպանվում կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետը: Նոր տվյալներ են ներկայացրել Ավստրիայի Ինսբրուկի բժշկական համալսարանի գիտնականները:

Նրանք մասշտաբային հետազոտություն են անցկացրել Իշգլ լեռնադահուկային հանգստավայրում, որը դարձել է 2020 թվականին Եվրոպայում վարակի տարածման էպիկենտրոններից մեկը: Գիտնականները նկատել են, որ առաջին եւ երկրորդ հետազոտություններին մասնակցածների 90 տոկոսի մոտ հակամարմինները պահպանվում են: Հարցվածների 70 տոկոսը, որոնց գիտնականները հետազոտել են բջջային իմունիտետի հայտնաբերման համար, դեռեւս ունեն բջջային ակտիվություն:

Մասնագետների խոսքով՝ մինչեւ հավաքական իմունիտետի ձեւավորումը «այդքան հեռու չէ, ինչպես պնդում են կասկածամիտները»: Սակայն Ինսբրուկի վիրուսաբանության ինստիտուտի տնօրեն Դորոթեա ֆոն Լայերը նշել է, որ դրա համար պետք է պահպանվեն համաճարակաբանական միջոցները:

«Սոցիալական հեռավորության, որոշ միջոցների պահպանման դեպքում, որոնք չեն վնասում մարդուն, եւ բնակչության 40-50 տոկոսի պատվաստման դեպքում իրական է վերադառնալ առօրյա կյանքի»,-ասել է նա:

Իր հերթին, վարակաբան եւ մանկաբույժ Ելենա Մեսկինան (Ռուսաստան) պնդել է, որ պարզելու համար, թե որքան երկար է իմունիտետը մնում կորոնավիրուսով վարակվածների կամ պատվաստվածների մոտ, անհրաժեշտ են հավելյալ հետազոտություններ:

«Հակամարմինները արտադրվում են, որպեսզի որքան հնարավոր է արագ սկսվի վիրուսի դեմ պայքարը, եթե այն կրկնակի հայտնվի օրգանիզմում: Սակայն կան շատ այլ մեխանիզմներ, օրինակ, իմունային հիշողության բջիջները»,-ասել է մասնագետը:

Նա նաեւ նշել է, որ հակամարմինների առկայությունն իրականում հավասարազոր չէ վարակի նկատմամբ իմունիտետի առկայությանը:

Իսկ վիրուսաբան, ՄՊՀ պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Ագրանովսկին կարծիք է հայտնել, որ իմունիտետի դեպքում ամեն ինչ անհատական է: Նրա խոսքով՝ օրգանիզմում հակամարմինների պարունակությունը կարող է սկսել կտրուկ նվազել, սակայն հետո անկումը կարող է դանդաղել: