«Արդեն աղջիկս էլ է միացել մեզ, եւ որոշեցինք չհետաձգել»․ Արեւիկ Ալավերդյան

«Ակունք» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Սարգիս Ալավերդյանն ու կինը տարազներով լուսանկարահանման են մասնակցել դուստրերի՝ երգչուհիներ Արեւիկ եւ Անուշիկ Ալավերդյանների ընտանիքների հետ: Ամուսնությունից հետո Ֆրանսիայում բնակություն հաստատած Արեւիկի հետ զրուցել ենք Հայաստան գալու առիթի, երեխաներին խնամելու դժավրությունների մասին, եւ ոչ միայն։

Ֆոտոշարքի մտահղացումն Արեւիկինն է.«Վաղուց էի ցանկանում նման շարք ունենալ, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում։ Արդեն աղջիկս էլ է միացել մեզ, որոշեցինք չհետաձգել։ Նկարահանումներն իրականացրել ենք «Մարաշլեան» ֆոտո-ստուդիայում, նրանց օգնությամբ էլ ընտրել ենք հագուստները։ Փոքր տարիքից ազգային երգի ու պարի միջավայրում ենք մեծացել, այս մթնոլորտը մեզ շատ հոգեհարազատ էր, նկարահանման ողջ ընթացքից մեծ բավականություն ստացանք»,- BRAVO.am-ին պատմել է նա։

Արեւիկ եւ Անուշիկ Ալավերդյանները

Պապիկ-տատիկն առաջին անգամ են տեսել փոքրիկ Կարինեին.«Պատերազմի ողջ ընթացքում ամուսինս մի քանի անգամ եկել ու իր հետ հումանիտար օգնություն է բերել Արցախի համար։ Այս անգամ էլ մեզ հետ անհրաժեշտ մի շարք իրեր ենք բերել պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած մեր զինվորներին։ Ճիշտ է՝ այս լարված շրջանը լավագույնը չէր աղջկաս առաջին անգամ հայրենիք բերելու համար, բայց որոշեցի գալ ու հարազատներիս կողքին լինել, ծնողներս ու քույրս դեռ չէին տեսել դստերս»,-նշել է Արեւիկը։

Երազում է մեծ ընտանիք ունենալու մասին, սակայն երրորդ երեխայի մասին մտածելը դեռ վաղ է համարում.«Ինչպես Աստված կամենա։ Մեծ երազանք ու նպատակներ ունեմ, որ ցանկանում եմ կյանքի կոչել։ Փարիզում օրս սկսվում եւ ավարտվում է երեխաներիս հետ, նրանց խնամքով միայնակ եմ զբաղվում, իհարկե, ամուսինս ինձ շատ է օգնում, հատկապես փորձում է շատ ժամանակ անցկացնել մեր տղայի հետ: Ես էլ աղջկաս խնամքին զուգահեռ աշխատում եմ ինձ ու իմ գործերին էլ ժամանակ հատկացնել»։

Արեւիկ Ալավերդյանի ընտանիքը

Ամուսինները Հայաստան տեղափոխվելու մտադրություն դեռ չունեն. «Մշտական բնակության դժվար գանք, բայց աշխատանքի բերումով ավելի հաճախ հայրենիքում կլինենք»,-եզրափակել է Արեւիկը։