«Ուղիղ երկու ամիս հավատում էինք, որ կգտնենք քեզ, հավատում էինք, որ դու մի հնարավորություն կգտնեիր փրկվելու». Մարիամ Ալեքսանյան

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ում եղբայրը՝ Ալբերտը, որպես ժամկետային զինծառայող, մասնակցել է Արցախի պատերազմին, Ինստագրամի իր էջում հրապարակել է եղբոր և նրա զոհված ընկերոջ՝ Տիգրանի մասնակցությամբ տեսանյութ և գրառում արել Տիգրանի մասին, ով զոհվել է:

«Տիկոս, մեռնեմ ջանիդ, իմ սիրուն տղա:

Աբուլիս ու Արմենիս հետ խոսել չի լինում: Աբուլն ու Արմենը եկան՝ ամեն մեկն իր հետ բերելով յուրովի քեզ: Դու քո ընկերների ներսում ես: Բոլորը քեզ էին սպասում: Չեմ հավատում, չեմ ուզում հավատալ:

Տիկ, նահանջեիր էլի:  Չէ, չնահանջեցիր, որովհետև տեսակդ դա էր: Մեր ցավը շատ մեծ է, Տիկ: Աբուլիս, Արմենիս, ընկերներիդ, մեզ, ծնողներիդ, քրոջդ կիսատ թողեցիր: Առանց քեզ կիսատ է բոլորի կյանքը: Տիկ…

Ուղիղ երկու ամիս հավատում էինք, որ կգտնենք քեզ, հավատում էինք, որ դու մի հնարավորություն կգտնեիր փրկվելու, ամեն օր լուսացնում էինք քեզնից լուր իմանալու հույսով ու սպասումով:

Ցավդ տանեմ, Տիկոս, դու պետք է գայիր: Քեզնից չէի նեղանում, ինչ ճակատիս ասում էիր, մեկա քեզնից նեղանալ չէր լինում: Ականջիս գաղտնի բան ասացիր, չհասցրեցի քեզ ասեմ, որ դա էլ քո սրտով եղավ:

Սիրուն ժպիտով Տիկոս, կռվարար Տիկոս…

Քեզ շատ ենք կարոտում, լույս տղա: Մադաղիսի Տիկո …

Սիրտս ցավումա շատ-շատ»,- գրել է դերասանուհին:

Ավելի վաղ Մարիամը գրառում էր արել եղբոր՝ Ալբերտի մասին՝ նշելով, որ նա տանկի հրամանատար է եղել և, գտնվելով ավենավատ տեղերում, ընտանիքին ստել է, թե ապահով վայրում է: