Հինգ համեղ ու օգտակար մթերք գլխուղեղի աշխատանքը խթանելու համար

Գլխուղեղի ինտենսիվ աշխատանքը շատ կարևոր է, հատկապես՝ մտավոր աշխատանք կատարողների համար, սակայն սթրեսը, հոգնածութուն ու լարվածությունը հաճախ դառնում են գլխուղեղի աշխատանքի վատթարացման պատճառ՝ բացասաբար անդրադառնալով նաև կյանքի ու աշխատանքի որակի վրա։ Բարեբախտաբար գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք օգնում են խթանել գլխուղեղի աշխատանքն ու պահպանել մտքի պայծառությունը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

Սուրճ

Կոֆեինը գործում է որպես կենտրոնական նյարդային համակարգը խթանող միջոց՝ բարելավելով զգոնությունը, ուշադրությունն ու կենտրոնացումը։ Բացի այդ, կոֆեինը նպաստում է նաև դոֆամինի արտադրմանը, իսկ այս քիմիական նյութը բարձրացնում է տրամադրությունը։

Մուգ շոկոլադ

Շոկոլադը, ինչպես և սուրճը, նույնպես գործում է որպես բնական խթանիչ միջոց՝ օգնելով բարձրացնել տրամադրությունը, բարելավել հիշողությունն ու կենտրոնացումը։ Բացի այդ, հայտնի է նաև, որ կակաոն խթանում է արյան հոսքը դեպի գլխուղեղ՝ այդ կերպ բարելավելով կոգնիտիվ գործառույթները։ Ավելին՝ մուգ շոկոլադի գործածությունը կարող է հագեցնել քաղցր մթերքի օգտագործելու ցանկությունը։

Կանաչ թեյ

Կանաչ թեյը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, ինչի շնորհիվ շատ օգտակար է ինչպես ֆիզիկական առողջության, այնպես էլ մտավոր կարողությունների համար։ Սա պայմանավորված է նրանով, որ հակաօքսիդանտներն օգնում են լայնացնել արյունատար անոթներն ու խթանում են արյան հոսքը։

Ավոկադո

Այս յուրահատուկ միրգը պարունակում է բազմաթիվ օգտակար ճարպաթթուներ, իսկ այդ նյութերն օգնում են պաշտպանել գլխուղեղի բջիջները, որոնք շատ կարևոր են նյարդերի համար։ Ավոկադոն հարուստ է նաև վիտամին К-ով ու ֆոլաթթվով, որոնք կանխում են գլխուղեղում թրոմբների առաջացումը։ Բացի այդ, այս միրգը պարունակում է նաև մեծ քանակությամբ լյուտեին՝ դիետիկ բաղադրիչ, որը նպաստում է կոգնիտիվ գործառույթների զարգացմանը։

Հապալաս

հապալասի մեջ պարունակվող հակաօքսիդանտներն օգնում են բարելավել ուշադրությունն ու կենտրոնացումը և բարձրացնում են աշխատունակությունը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք բարելավում են արյան հոսքը դեպի գլխուղեղ։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ հապալասը կարող է օգնել նվազեցնել տարիքային հիվանդությունների դրսևորումները, ինչպիսին են Ալցհեյմերի հիվանդությունը կամ թուլամտությունը։

Նյութի աղբյուրը՝ The Health Site