Անիծված գերեզման չունեցող. Հովհաննիսյանն ասում է, թե ինչու օպերացիայի անունը կոչվեց «գյոռբագյոռ 2020»

Արցախաադրբեջանական սահմանին արդեն շուրջ 40 օր է՝ մարտական գործողություններ են ընթանում։ Վերջին օրերի մարտերն իրենց ինտենսիվությամբ էականորեն տարբերվում են գործողությունների սկզբում ծավալված մարտերից։ Վերջին տվյալների համաձայն՝ ՀՀ զինված ուժերին հաջողվել է ոչնչացնել հակառակորդի 252 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 697 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ։ Բացի այդ հակառակորդը ունի 7155 զոհ։

Այս օրերին մարտերն ավելի շատ ընթանում են՝ լեռներում, անտառներում, կիրճերում։ Հետեւաբար փոխվել է նաեւ մարտերի բնույթն այն առումով, որ ավելի բարդ է դարձել հակառակորդի համար օդային տեխնիկա կիրառելը։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը օրեր առաջ հայտարարեց, որ հակառակորդի ցամաքային ուժը էականորեն վնասվել է։

«Հայկական ժամանակ»-ը Հովհաննիսյանի հետ զրուցել է վերջին օրերին առաջնագծում ընթացող մարտերի եւ դրանց ինտենսիվության մասին։

— Պարո՛ն Հովհաննիսյան, գրեթե 40 օր է ակտիվ մարտական գործողություններ են Արցախում, ի՞նչ իրավիճակ է այժմ, մարտերը դարձյալ ողջ սահմանային երկայնքո՞վ են ընթանում։

— Այսօր ողջ երկայնքով չեն, ավելի շատ օջախային մարտեր են Շուշիի հարակից անտառներում, առանձին մարտեր գյուղերում։ Մի քանի օջախային մարտեր եղել են հյուսիսում եւ հարավում, բայց ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտական գործողություններ արդեն չկան։

— Օրեր առաջ հայտնել էիք, որ հակառակորդի ցամաքային ուժին էականորեն վնաս է հասցվել, հիմա ո՞ր ուժի հենքի վրա է հակառակորդը շարունակում իր գործողությունները։

— Խոսքը ցամաքային զորքերի, հետեւակի եւ զրահատանկային զորքերի մասին էր. թշնամին էական վնասներ է կրել եւ դրանցով այժմ լայնածավալ հարձակումներ չի իրականացնում։ Բայց, ըստ էության, գործի են դրվել դիվերսիոն խմբավորումներ, որոնք թեթեւ գրոհային, արագաշարժ, փոքր տեխնիկայով են գործում՝ ինչպես օրեր առաջ Թաղավարտի մոտ տեղի ունեցած մարտերում տեսաք։

— Պատերազմի մեկնարկին հիմնականում օդուժի պատերազմ էր, հիմա կռիվը հիմնականում ցամա՞ք է տեղափոխվել՝ ինչպես 90-ականներին էր։ Այսպիսի գործողությունների ժամանակ ի՞նչը կարող է վճռորոշ լինել կամ բեկում մտցնել։

— Սա չի կարելի ասել, որ օդուժի պատերազմ էր, սակայն օդուժի դերակատարությունը չափազանց մեծ է։ Այս օրերին էլ քիչ չէ, բայց համեմատաբար թուլացել է, որովհետեւ ինչ-որ առումով չեզոքացվել է, ինչ-որ առումով էլ՝ մարտական գործողությունների տեղանքը թույլ չի տալիս։

— Սկզբնական շրջանում շատ էր խոսվում մեծ քանակով տեխնիկա խոցելու մասին, սակայն վերջին օրերին դրանց խոցման թիվը քչացել է, կարո՞ղ ենք սրանից ենթադրել, որ հակառակորդը տեխնիկական առումով ծանր վիճակում է եւ դրանով պայմանավորված՝ քիչ տեխնիկա է դուրս բերում։

— Այո՛, մեծաքանակ ցամաքային տեխնիկա են կորցրել եւ դրա համար էլ հիմա ավելի քիչ է դա կիրառվում։ Բացի այդ, ինչպես երեւաց՝ մարտավարության առումով այդ տեխնիկան այդքան էլ չի արդարացնում իրեն, տեղանքն էլ ցույց չի տալիս։ Եվ հետո հայկական զինված ուժերն էլ ունեն հակատանկային մեծ միջոցների քանակ, եւ էֆեկտիվ չէ դրանց կիրառությունը։

— ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարեց, որ Արցախում մարտական գործողությունների մեջ ներգրավված է շուրջ 2000 վարձկան, սակայն պատերազմի սկզբնական օրերին տեղեկատվական հարթակը հայտնել էր 4 000 վարձկանի մասնակցության մասին։ Ի վերջո պատկերացում կա՞, թե այս ընթացքում ադրբեջանական կողմում որքան վարձկան է եղել եւ նրանցից քանի՞սն է ոչնչացվել։

Այո՛, վարձկանները շատ են։ Այս ընթանում նրանք մեծ կորուստներ են կրել։ Սակայն նորից նոր վարձկաններ են եկել եւ շարունակում են օգտագործվել այս մարտերում։ Ես ընդհանուր առմամբ համաձայն եմ ՌԴ արտգործնախարարի նշած թվերի հետ։

— Պատերազմի սկզբից շեշտում ենք՝ «Հաղթելու ենք», ո՞րն է մեզ համար այս պատերազմում այն չափորոշիչը, որը կարելի է հաղթանակ համարել, մարտերի դադարեցո՞ւմը։

— Միշտ էլ շեշտել եմ, որ հաղթելու ենք ու վստահ եմ, որ հաղթելու ենք, որովհետեւ այլընտրանք չունենք եւ մենք ազգային մեծ միասնություն ենք դրսեւորում՝ սփյուռքից մինչեւ Արցախի եւ Հայաստանի ցանկացած գյուղ։ Ուրիշ տարբերակ ուղղակի չունենք։

— Հաշվի առնելով, որ վերջին 1-2 տարում է Հայաստանը սկսել  ռազմարդյունաբերությանը մեծ կարեւորություն տալ, այս պատերազմում դա արդյունք տալի՞ս է:

— Ռազմարդյունաբերական համալիրը զարգացնելն իհարկե՛, կարեւոր է։ Վերջին տարիներին բավականին մեծ աշխատանք է արվել, բայց այսպիսի ինտենսիվ պատերազմներում Հայաստանի ներուժը՝ սեփական ծախսերը լիովին ապահովելու համար իրատեսական չէ։ Կան որոշ դետալներ, որոշ սպառազինության տեսակներ, մարտապաշարներ ու սարքավորումներ, որոնք տեղում ենք սարքում, բայց դրանք ամբողջ ծավալով այսպիսի ինտենսիվ ծախսի պայմաններում չեն կարող արդարացնել իրենց։

— Պարոն Հովհաննիսյան, ինչո՞ւ Շուշիի հարակից տարածքներում ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացման ռազմագործողությունը անվանեցիք «Գյոռբագյոռ2020»։

— Դա կոնկրետ ադրբեջանցիներին ուղղված արտահայտություն է՝ իրենք շատ լավ գիտեն, թե դա ինչ է նշանակում։ Դա՝ անիծված գերեզման չունեցող կամ գերեզմանից հանված՝ տարբեր իմաստներ արտահայտող բառ է։

— Հայաստանի սահմաններին այս պահին էական վտանգ սպառնո՞ւմ է:

— Որոշակի փոխհրաձգություն լինում է, բայց այդպիսի լուրջ իրավիճակ չկա։