Ռուս լրագրողը մեկնել է Բերձոր և հերքել Լաչինի միջանցքը գրավելու մասին ադրբեջանական հայտարարությունները (Video)

Ռուսական EADaily կայքի թղթակիցը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Բերձոր քաղաք և փաստել, որ ադրբեջանական կողմի՝ Հայաստանը Արցախին կապող ռազմավարական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը իրենց վերահսկողության տակ վերցնելու հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։

Թղթակցի խոսքով՝ քաղաքն ապրում է իր բնականոն հունով, պատերազմի մասին հուշում են միայն հրետանու բարձր լսվող ձայները։

Բերձորի քաղաքապետ Դավիթ Դավթյանը լրագրողի հետ հարցազրույցում նշել է, որ ադրբեջանցիները փորձում են գրավել տարածաշրջանի հարավային ծայրամասերը, որոնց թվում է նաև Բերձորը, որպեսզի Արցախը կտրեն Հայաստանից։

«Իհարկե, նրանք նպատակ ունեն 1990-ականների նման Արցախը «կտրել» Հայաստանից, սակայն դա նրանց թույլ չենք տա։ Գիտենք՝ ինչ է տեղի ունեցել, երբ Ղարաբաղը բաժանված էր Հայաստանից, և հայ բնակչության վտարման քաղաքականություն էր իրականացվում: Այս տարածքը մեր հայրենիքն է, այստեղ երեխաներ ենք մեծացրել, տներ ենք կառուցել և ոչ մի տեղ չենք գնալու»,- նշել է քաղաքապետը։

Նրա խոսքով՝  ճանապարհն իրենց վերահսկողության տակ առնելու մասին լուրերն Ադրբեջանին անհրաժեշտ են զինվորների և սեփական ժողովրդի մարտական ոգին բարձրացնելու համար։

«Իհարկե, կխոսեն այդ մասին, բայց հիմա այստեղ եք ու տեսնում եք, որ մարդիկ հանգիստ են, բարձր են պահում իրենց մարտական ոգին, կյանքն ընթանում է իր հունով։ Ճանապարհի արգելափակումը Արցախի և հենց Հայաստանի վերջ կնշանակի, քանի որ մեկն առանց մյուսի չի կարող գոյատևել։ Բայց այս ճանապարհի համար պայքարելու ենք մինչև վերջին մարդը»,- նշել է քաղաքապետը։

Նշվում է, որ Բերձորի բնակիչների մեծ մասը չի հեռացել քաղաքից․ եթե Ստեփանակերտում բնակիչները նկուղներում են ապրում, ապա այստեղ շատերն անգամ իրենց բնակարաններում են շարունակում մնալ։