«Ամեն ինչ լավ է, պատերազմ է, ծառայում ենք․․․». 19-ամյա Դավիթը 10 երեխաներից ամենափոքրն էր

Արցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված Դավիթ Դանիելյանը 19 տարեկան էր, 3 ամսից պետք է զորացրվեր: Սիսիանի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ Ռուբեն Մանուչարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Դավիթը Շաքի բնակավայրից էր, բազմազավակ ընտանիքի ամենակրտսեր երեխան:

«Դավիթը բազմանդամ ընտանիքի ամենափոքր զավակն էր, ծնողները՝ Հմայակը և Տատյանան, 10 երեխա ունեն՝ 7 աղջիկ և 3 տղա, մնացին 9-ը… Իրենց քրտինքով ապրող, աշխատասեր մարդիկ են, զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Դավիթը մինչև բանակ գնալը հորն էր օգնում, ոչխարաբուծությամբ էր զբաղվում, իրենց բանջարանոցն էր մշակում: Բարի, խելացի, կազմակերպված տղա էր: Դավիթի զոհվելու ժամանակ իր ավագ եղբայրն էլ  սահմանում է եղել, իսկ մյուս եղբայրը 1-2 տարի առաջ է զորացրվել և պատրաստակամ սպասում էր, թե իրեն երբ կկանչեն, որ մեկներ ճակատ»,- պատմեց Մանուչարյանը:

Դավթին միայն լավ բառերով կարելի է բնութագրել՝ խաղաղ, բարի, ազնիվ, ընկերասեր, ամենակարևորը՝ մեծերի նկատմամբ հարգանքով:

«Մեծերի հետ որ խոսում էր՝ ամաչում էր, քաշվում էր, հայացքը միշտ շրջում էր ուրիշ ուղղությամբ: Շատ լավ մարդիկ են այդ ընտանիքի բոլոր անդամները: Մի քիչ զրկանքներով են ապրում, դե, հեշտ չէ՝ 10 երեխա պահել մեծացնել, հագցնել, սնել, ուսման տալ, բայց աչքակուշտ, իրենց համեստ աշխատանքով ապրող մարդիկ են»,- ասաց Մանուչարյանը:

Համայնքապետարանի աշխատակիցը հիշում է, երբ Դավիթն արձակուրդ էր եկել, ինչպիսի ոգևորվածությամբ էր պատմում բանակային կյանքի մասին.

«Բարձր տրամադրությամբ էր եկել արձակուրդ, հարցնում էինք՝ ինչպե՞ս է անցնում ծառայությունը, պատասխանում էր՝ հրաշալի: Առանձնապես ոչ մի բան չէր ասում ծառայության մասին, միայն, որ ծառայությունը շատ լավ է: Լսել եմ, որ ինքը շատ կարճ ժամանակում հասցրել է հարգանք վայելել, թե իր ծառայակից ընկերների, թե հրամանատարության կողմից, սիրվել և գնահատվել է՝ իր բարության, ազնվության, շիտակության համար»:

Ռուբեն Մանուչարյանը նաև պատմեց, որ Դավթին տեսել են հեռուստատեսությամբ՝ թշնամու անօդաչու թռչող սարքը խոցելու կադրերից մեկում.

«Հեռուստատեսությամբ ցույց են տվել, որ անօդաչու թռչող սարք են խփել, ինչ-որ մեկը Դավթին ասում է՝ Դավիթ, խոցեցինք-խոցեցինք, Դավիթը հրճվանքով, ծիծաղով ասում է՝ խոցեցինք: Ամեն զանգելուց միշտ տրամադրությունը բարձր է եղել, ասել է՝ ամեն ինչ լավ է, ծառայում ենք, պատերազմ է, ծառայում ենք»:

Դավիթ Հմայակի Դանիելյանին հուղարկավորել են Սիսիանի քաղաքային պանթեոնում: