«Ասում են` Հայաստան կգան ձեռքս խնդրելու համար». Լիլի Սարգսյանը` Դուբայի կյանքին հարմարվելու, այնտեղ երկրպագուներ ունենալու և ընտանիքի ֆինանսական աջակցության մասին

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարսգյանը շուրջ 7 ամիս է` Դուբայում է: Tert.am Life-ի հետ զրույցում Լիլին ասաց, որ խնդիրներ կան, որոնց պատճառով չի կարողանում վերադառնալ Հայաստան:

«Ավելին ասել չեմ ուզում: Հարմարվել եմ այստեղի մթնոլորտին մեկնելուց գրեթե մեկ շաբաթ հետո ու չեմ պատկերացնում` ինչպես եմ Հայաստանում ապրելու: Ես սիրում եմ ջերմություն, տաք երկրներ, կարելի է ասել, որ արդեն ոչ թե զբոսաշրջիկ, այլ այստեղ բնակվող մարդ եմ: Այստեղ կարգ ու կանոն կա, մարդիկ հարգում են միմյանց, կառավարությանը, ապրում եմ իրենց կյանքով: Ես, իհարկե, սիրում եմ Հայաստանը, բայց այդտեղ ամեն ինչ շատ սահմանափակ է»,-ասաց նա:

Լիլին նշեց` չգիտի երբ կվերադառնա, բայց հույս ունի, որ այս տարի կկարողանա հետ գալ: «Դեռ ոչինչ հստակ չէ: Հնարավոր է նաև, որ ծնողներս գան Դուբայ, քանի որ թռիչքներ կան, բայց ավելի լավ կլինի` ինքս վերադառնամ Հայաստան, դեսպանատունը շատ է աջակցում, տեսնենք` ինչ կլինի: Շատ եմ կարոտել ընտանիքիս, ընկերներիս, աշխատանքս, նկարահանումները: Երբ Հայաստան գամ, մի քանի օրով հանգստի կգնամ Դիլիջան կամ Ծաղկաձոր»,-ասաց նա:

Ըստ նրա` լեզվի հետ կապված խնդիրներ չի ունեում. «Ռուսաստանի քաղաքացիներ շատ կան, ռուսերենով ենք շփվում: Անգլերեն նույնպես շփվում ենք, ինչի շնորհիվ ինքս էլ սովորում եմ, անգլերեն գրքեր եմ կարդում: Օտարություն այստեղ չեմ զգում, շատ հայեր կան, որոնց հետ ժամանակ առ ժամանակ շփվում եմ, շուտով Երևանից ընկերներս կգան Դուբայ»:

Լիլին նաև ասաց, որ սկզբնական շրջանում ամեն օր ծով կամ լողավազան, խնջույքների էի գնացել, բայց հիմա իր համար ձանձրալի է դարձել նույն կյանքով ապրելը: Նա նշեց, որ գրեթե ամբողջ օրը տանն է անցկացնում` ֆիլմեր դիտելով, իսկ ուտեստները հիմնականում պատվիրում է. «Լինում է նաև, որ ինքս պատրաստեմ: Այստեղի խոհանոցը համեղ է, միայն թե ես ծովամթերք և մսամթերք չեմ սիրում»:

Լիլին խոսքով` բնակվում է վարձույթով բնակարանում` ընկերուհու հետ. «Դուբայը շատ թանկ երկիր է, հագուստը, ռեստորանները շատ թանկ են: Գնումներ եմ կատարում միայն Mall–ից, երբեմն էլ` օնլայն: Նաև նվերներ եմ գնել ու ուղարկել ընտանիքիս: Բարեբախտաբար գումարի կարիք չունեմ, ընտանիքս աջակցում է»:

Լիլին ընդգծեց` չնայած Չինաստան մեկնելուց հետո որոշակի ինքնուրույնություն էր ձեռք բերել, Դուբայում ապրելն ավելի է օգնել իրեն. «Շատ ինքնուրույն եմ դարձել: Այստեղ հասկացա, որ ունեմ միայն ընտանիք և հաշված ընկերներ: Հիասթափություններ ունեցա, բայց չեմ ուզում խոսել այդ մասին: Միայն կասեմ, որ Աստված վերևում է, բոլորին իրենց սրտի չափով հետ կվերադարձնի»:

Գեղեցկուհու տիտղոսակիրը նշեց, որ Դուբայում երկրպագուներ ունի. «Նույնիսկ ասում են` Հայաստան կգան ձեռքս խնդրելու համար: Երբեք չեմ ասի երբեք, բայց իմ կողքին օտարազգի տղամարդ չեմ պատկերացնում: Իմ իդեալը հայ տղայի է նման: Մեր տղաներն ունեն բնավորության գծեր, որոնք չունեն այլազգի տղաները»:

Լիլին վերջերս վնասել էր ոտքը, բայց, ըստ նրա, հիմա իրեն լավ է զգում. «Քառացիկլի հետ միասին գլխիվայր ընկել էի ամայի տարածքում, վնասել ոտքս: Սկզբում ցավում էր, բայց ուշադրություն չէի դարձնում, հետո ցավն ուժեղացավ ու ներքին բորբոքում եղավ: Դիմեցի բժշկի, ժամանակի ընթացքում ոտքս լավացավ, հիմա փոքրիկ սպի է մնացել»: